Ողբերգական ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել է ճաղավանդակներին, մի քանի պտույտ շրջվել. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել է ճաղավանդակներին, մի քանի պտույտ շրջվել. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ: Ժամը 01:50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Փրկարարաներն ու ոստիկանները ավտոմեքենայից դուրս՝ մի քանի մետր հեռավորության վրա, հայտնաբերել են տղամարդու 3 դի, որոնք հրշեջ-փրկարարները ոստիկանների օգնությամբ մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենաներին: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են հետաքննչական բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու քննչական բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:

Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com