Մինչ հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մի քանի ժամից պաշտոնապես ներկայացնել սեփական արտադրության առաջին ճկվող սմարթֆոնը, Royole բրենդն առաջ է ընկել՝ ներկայացնելով ճկվող սմարթֆոնի իր մոդելը:
Ինչպես նշում է The Verge-ը, 7.8 դյույմ անկյունագծով էկրանով սարքը ճկվում է 180 աստիճանով, թաբլեթից վերածվում է սմարթֆոնի և հակառակը: Նորույթը կոչվում է FlexPai:
Սարքի աշխատանքային մոդելի շնորհանդեսը կայացել է Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ:
The Verge-ի մասնագետները սարքը փորձարկել են ու նշել, որ գովազդում նշված բնութագիրը միանգամայն համապատասխանում է իրականությանը:
Սարքն արժե 1300 դոլար ու սկզբում հասանելի կլինի միայն չինական շուկայում:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա գաջեթը համալրված է ութ միջուկանի Qualcomm Snapdragon պրոցեսորով, 1920 x 1440 լուծաչափով AMOLED չկոտրվող էկրանով, Water OS օպերացիոն համակարգով: Ընկերությունից նշել են, որ էկրանը կարող է 200.000 անգամից ավելի ճկվել:
Նշվում է, որ FlexPai-ն առաջին իսկական ճկվող սմարթֆոնն է. առայժմ ընկերությունները ներկայացրել էին միայն կոնցեպտներ ու ստեղծման նախնական օրինակներ: