Արիանա Կաոիլի. «Երազանքների խմբագիրն իրականությունն է…»
Advertisement 1000 x 90

Արիանա Կաոիլի. «Երազանքների խմբագիրն իրականությունն է…»

«Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոիլին գրում է.

«Հայաստանում երևի թե չկա մի ընտանիք,  որն արտերկրում ապրող բարեկամ չունենա, հայկական հետքերն աշխարհի բոլոր անկյուններում են: Պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են՝ սկսած թուրքական եղեռնագործությունից մինչ տնտեսական ճգնաժամ: Եվ չնայած նրան, որ բոլոր հայերին իրար են կապում սովորույթներն ու ավանդույթները, մտածելակերպը ժամանակի ընթացքում փոփոխվում է, և այդպիսով «ներսի» ու «դրսի» հայերի միջև գաղափարական անդունդ է ձևավորվում:

Բացի նրանից, որ արտերկրում ապրող մարդիկ գումարով օգնում են Հայաստանում ապրող  բարեկամներին, նրանք նաև մեծ ներդրումներ են կատարում, օրինակ, էկոլոգիական խնդիրների վերացման, օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար, ստեղծում են հիմնադրամներ, որոնք  զբաղվում են ենթակառուցվածքների զարգացմամբ, օրինակ,  ճանապարհաշինությամբ, առաջարկում են տարբերակներ՝ աղբի վերամշակումը Հայաստանում տեսլականից գործող իրականություն դարձնելու համար:  Իսկ այստեղ ապրող մարդիկ ավելի կենտրոնացած են տվյալ օրը հնարավորինս լավ ապրելու վրա, քանի որ հանապազօրյա  խնդիր և առօրյա բազում հոգսեր  ունեն շատերը: Նրանք կարող են հանգիստ աղտոտել շրջակա միջավայրը՝ չմտածելով ահաբեկող հետևանքների մասին: Իհարկե, սրա պատճառը նաև երկրի տնտեսական վիճակն է: Երբ  քո աշխատավարձը բավարարում է միայն տարրական կարիքներդ հոգալուն, բնական է, որ այլ բաների նկատմամբ հետաքրքրություն չես ունենա: Բայց եկեք անկեղծ լինենք. տոպրակն ու ծխախոտի մնացորդը, մաստակը փողոցում գցելը, ոտքով տրորելն ու ճանապարհը շարունակելն այնքան էլ կապ չունի գրպանի պարունակության հետ: Հենց նոր տեղադրված աղբարկղերի ու նստարանների  հերն անիծելը՝ ևս: Հաճախ ամենափոքր խնդիրներն ահռելի ենք պատկերացնում, բայց իրապես խոշոր հարցերում նախընտրում ենք փակել մեր աչքերն ու ապրել ջայլամի հոգեբանությամբ: Այստեղ մեր գործն ու միտքը երկատվում է. ասում ենք, որ հայրենասեր ենք, սակայն մեր քայլերով հակառակն ենք ապացուցում: Մինչդեռ սիրտը, միտքն ու գործը պիտի նույն ուղղությամբ աշխատեն, հակառակ դեպքում հայրենասիրությունը մնում է միայն թղթերի վրա, երգերում ու կտավներում:

Կարելի է հավերժ բողոքել իրարից, «ներսը» և «դուրսը» զատել ու մեղավորներ փնտրել և անգամ՝ գտնել: Սակայն մի բան պարզ է, այստեղ ապրողներս նույնպես իդեալական չենք: Կարծում եմ, որ փոքր խնդիրները լուծելու համար մեր հայացքը փոքր-ինչ ավելի հեռվին պիտի ուղղենք ու սկսենք ավելի ընդհանրական պատկերացնել հարցերը՝ չմոռանալով փոքր քայլերով հաջողության հասնելու բանաձևը: Սա այն է, ինչ մենք իրապես պետք է սովորենք  Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներից: Դրսից գալիս են կարոտն առնելու, ավելի հայանալու, մենք էլ մեր առավելությունից օգտվելով, իրական տեր լինենք մեր քաղաքին, մեր երկրին ու տանը»:

champord.am



Նման նյութեր