Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը։
Ինչպես տեղեկացրին «Այբ» կրթական հիմնադրամից, ՀՀ այս տարի Հայաստանը մրցաշարին ներկայացրել է «Arm Cyber Kids» թիմը։ Թիմի անդամներն են քույր և եղբայր 12-ամյա Ինես և 11-ամյա Աշոտ Գասպարյանները, ովքեր այս տարվա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներն են։
Հայաստանի թիմը Թաիլանդում իր տարիքային խմբում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 104 թիմի մեջ, ներկայացնելով ռոբոտ, որը կարող է տեսակավորել միրգն ըստ վերջինիս որակի կամ տեսքի։ Այս տարի մրցույթը անցկացվել է «Սնունդը կարևոր է» խորագրի ներքո և նվիրված է եղել աշխարհում թերսնուցման խնդրին։ Աշխարհում ինը մարդուց մեկը՝ ընդհանուր 795 միլիոն մարդ, բախվում է այս խնդրին, իսկ դրա հնարավոր լուծումը սննդի ծավալները նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մեծացնելն ու սննդի թափոնները կրճատելն է։
Հարկ է նշել, որ միջազգային մրցաշարի կազմակերպիչներն ու դատավորները բարձր են գնահատել մեր թիմի պատրաստվածությունը, գիտելիքները և ինքնուրույն աշխատանքի կարողությունները։
Հայ երեխաները մրցել են այնպիսի երկրների հետ, որոնք երկար տարիների փորձ ունեն այս ոլորտում։ Հավելենք, որ սա Հայաստանի երկրորդ մասնակցությունն է այս միջազգային մրցույթին։
Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է 2016 թվականից՝ խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման և ճարտարագիտության դասավանդումը, զարգացնելու երեխաների ստեղծարարությունն ու խնդիրներ լուծելու ունակությունները, ինչպես նաև բացահայտելու հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաներին: Հայաստանում մրցույթի պաշտոնական և միակ լիազորված կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։
Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները թիմերով: ՌՀՕ-ի ազգային փուլի առաջադրանքները նույնն են, ինչ միջազգային փուլինը: Ազգային փուլի հաղթող թիմ(եր)ի գլխավոր մրցանակը լինելու է մասնակցությունը տվյալ տարվա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին:
Հայաստանում «ՌՀՕ 2018»-ի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը, գործընկերն է Creativе Educational Technologies (CET) ընկերությունը: