Բուժքույրերը կոչ են անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ
Advertisement 1000 x 90

Բուժքույրերը կոչ են անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները ստուգայցեր են կատարում համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը:

«Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում ևս երեխաները ստուգվում են: Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երևանի Լևոն Շանթի և Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաև թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված են եղել անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Բուժքույրերը կոչ են անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ:

Նշվում է , որ ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը և լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

mamul.am