Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր հրապարակվեց գործից անջատված մասով մեղադրյալ Կարեն Հակոբյանի (ինքնակամ լքել է գնդի տարածքը) նախաքննական ցուցմունքը, որից Հակոբյանը դատարանում հրաժարվեց: Թե որն է պատճառը, նա հայտարարեց, որ այդ ցուցմունքն իրենից կորզել են, եւ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը: «Ինձ գողացել են դրսից, խնդրել եմ պաշտպան ունենալ, չեն թույլատրել: Չեն թողել անգամ զանգեմ ընտանիքիս ու ասեմ, որ ինձ տարել են: Մոտ յոթ ժամ մեկուսացված եմ եղել: Առաջին անգամ էի զինված «մասկեքով» մարդկանց տեսնում: Մեքենայով կտրեցին դիմացս, կարելի է ասել՝ ելան վրաս, հետո ձերբակալեցին ու տարան: Մի խոսքով, ասել եմ այն, ինչ նրանց դուրը կգար»,-հայտարարեց Կարեն Հակոբյանը:
Ապա նշեց, որ ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մասին ասվածը չի համապատասխանում իրականությանը: Նա, մասնավորապես ասել էր. «Վիրավոր Գագիկ Մկրտչյանը զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանին ասել է՝ ինչո՞ւ կրակեցիք իմ վրա…»:
Հիշեցնենք, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը: «Ես նման բան չեմ ասել: Միայն ասել եմ, որ Գագիկ Մկրտչյանն անհասցե հարցադրում է արել: Ես ուզում եմ արդար լինել: Ես նրան տեսել եմ ձեռքից վիրավորված, մինչդեռ հետո իրավապահներն ասացին, որ երիկամների հրազենային վնասվածքից է հիվանդանոցում մահացել»,-նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պնդեց Կարեն Հակոբյանը, ապա դատավորի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա,- «Չեմ կարծում, որ երիկամների վնասվածք ունենալով՝ նա կարող էր ազատ շարժվել: Իսկ ես տեսել եմ միայն նրա վիրավոր ձեռքը, նա ազատ շարժվում էր ու քայլում»:
Ամբողջությամբ՝ aravot.am