«Իրազեկում՝ ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ». Թամարա Շաքարյան
Advertisement 1000 x 90

«Իրազեկում՝ ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ». Թամարա Շաքարյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, վարչական իրավունքի մասնագետ Թամարա Շաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրազեկում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում է քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք: Ավելին, ինչպես նախորդ 2018 թվականի, այնպես էլ նախորդ մյուս տարիների համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրք` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, 5000 դրամ: Տեղական այս տուրքի չափը այս տարվա համար սահմանվել է նաև 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 1-ին մասի 12-րդ կետով:

Այլ է վարչական պատասխանատվության վկայակոչման խնդիրը, որի մասին, ըստ համացանցային տեղեկատվության, ՀՀ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկվում վարչական շրջանի ղեկավարների կողմից: Այսպես, նախ ծանուցագրեր ուղարկողները պետք է առնվազն իրազեկ լինեն, որ ՀՀ-ում գործում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (ՎԻՎՕ) և ոչ թե «ՀՀ ՎԻՎ օրենք» ինչպես գրված է ծանուցագրում, երկրորդ՝ իրավական որոշակիության հետ աղերսներ ունեցող հաջորդ խնդիրը այն է, որ պարզ չէ՝ ինչ իրավական նորմով է, ըստ վարչական շրջանի ղեկավարի, նախատեսված իր կողմից վկայակոչված վարչական պատասխանատվությունը: Ըստ ծանուցագրում վկայակոչած տուգանքի չափերի՝ կարող եմ ենթադրել, որ խոսքը ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար սահմանված վարչական պատասխանատվության մասին է, մինչդեռ հարկ է նկատել, որ տեղական տուրքը չվճարելը, չի կարող մեկնաբանվել որպես կենդանիների պահման կանոնի խախտում, որոնք հստակ սահմանված են Երևանի քաղաքի ավագանու 2011 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 312-Ն «Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները հաստատելու մասին» որոշմամբ:

Հարկ է նկատել, որ տեղական տուրքը վճարվում է ընտանի կենդանի պահելու թույլտվություն ստանալու համար: Ըստ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա ավարտը: Ուստի հիմնավոր չէ կամ պարզ չէ, որ իրավական ակտից է բխում վարչական շրջանի ղեկավարի սահմանած 5-օրյա ժամկետում վճարելու ընտանի կենդանի պահողի պարտականությունը: Ավելին` 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում սահմանված թույլտվությունների տրամադրումը կարող է մերժվել: Այսինքն՝ չվճարման իրավական հետևանքը թույլտվության տրամադրման մերժումն է, որն էլ հայեցողական բնույթ ունի:

Որպես ի գիտություն նշեմ նաև, որ նշված օրենքի համաձայն՝ թույլտվությունն ստանալուց հետո տուրք վճարողի նկատմամբ, ըստ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ սահմանված կարգով իրավունք ունի կիրառելու՝ նախազգուշացում, կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում տույժի տեսակները:

Հ.Գ. Հարգելի’ հանրային ծառայողներ, այս իրազեկման անհրաժեշտությունը չէր ծագի, եթե առնվազն իրազեկ լինեք այն իրավական նորմերին, որոնք պիտի կիրառեք»»:



Նման նյութեր