Հունվարի 4-ին Միքայելյանների ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ. մահացավ հնգամսյա Մարի Միքայելյանը։ Փոքրիկի հայրը՝ Սարգիս Միքայելյանը, ամեն ինչում մեղադրում է բժիշկ Հասմիկ Խաչատրյանին և արդեն հայտարարությամբ դիմել է ոստիկանություն։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում։ NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձեց կապվել հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, բայց նա հրաժարվեց որևէ մեկնաբանությունից և ցած դրեց ընկալուչը։
Ի՞նչ էր տեղի ունեցել հունվարի 4-ին։
Մարիի հոր՝ Սարգիս Միքայելյանի խոսքով՝ վերջին երեք ամիսներին փոքրիկը տառապել է հազից։ Ընդ որում՝ երեխան պարբերաբար զննվել է Ավստրիական հիվանդանոցի բժիշկ Հասմիկ Խաչատրյանի կողմից, նրան դեղորայք է նշանակվել։ Հունվարի 4-ի առավոտյան երեխային նորից տարել են Ավստրիական հիվանդանոց, որտեղ նրան զննել է Հասմիկ Խաչատրյանը, ասել է, որ թոքերը մաքուր են, և լուրջ պաթոլոգիա չի հայտնաբերել։ «Նա ասել է, որ երեխան բրոնխիտ ունի»,- ասել է Միքայելյանը։ Չնայած բժշկի նշանակմանը՝ երեխան իրեն ավելի վատ է զգացել, և երեկոյան ծնողները նորից ստիպված են եղել գնալ նույն հիվանդանոց։
Բժիշկները Մարիին ուղարկել են ռենտգենի, բայց չափից ավելի ուշ էր՝ մոտավորապես 10 րոպեի ընթացքում աղջիկը մահացել է։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն. գործի նյութերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր. 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):