Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական նիստը։
Նշենք որ Սեդրակ Քոչարյանը Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։
Նախքան նախնական դատական նիստը սկսելը դատավորը կողմերից հետաքրքրվել է, թե արդյոք նրանք կողմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ։
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշել է, որ իրենք պատրաստ են հաշտության, եթե պատասխանողը հերքի իր կողմից հնչեցրած արտահայտությունները, սակայն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշել է, որ չեն կարող հաշտվել։ Ըստ պատասխանողի՝ Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերվում Սեդրակ Քոչարյանին։ Նա կարծիք է հայտնել, որ Արթուր Վանեցյանն այս գործով ոչ պատշաճ պատասխանող է։
Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Արթուր Վանեցյանին որպես վկա դատարան հրավիրելու համար: Դատարանն այս միջնորդությունը մերժել է:
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին:
Ավելի մանրամասն՝ yerevan.today