Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին. Ահարոնյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին. Ահարոնյան. armeniasputnik.am

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը բացատրել է, թե ինչպես է ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին տեսանյութը հայտնվել նախկին ոստիկանապետի խորհրդականի մոտ։

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին։ Այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսանյութը տրամադրվել նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մոտ։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք այդքան հեշտ է ոստիկանությունը տեսանյութեր տրամադրում։

«Հեշտ է, երբ մեզ դիմում է փաստաբանը: Քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է: Հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում: Գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին: Գուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբանն է տվել»,-ասաց նա:

Հիշեցնենք` քրեական գործի ու դատարանի վերջնական վճռի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է` մարդ ենք սպանել», ու նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։

armeniasputnik.am