Ինչպես երիտասարդանալ առանց վիրահատության
Advertisement 1000 x 90

Ինչպես երիտասարդանալ առանց վիրահատության

2004-ից սկսած Երևանի առաջին Կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և միկրովիրաբուժության բաժնում գործում է էսթետիկ բժշկություն` առանց վիրահատության ծառայությունը, որն առաջարկում է շուրթերի հաստացում, մաշկի հարթեցում, ավելորդ ճարպերի հեռացում և այլն: Մոսկվայում` Ֆրանսիայից, Իսպանիայից և Շվեդիայից ժամանած մասնագետների հետ համատեղ, վերապատրաստվել և Հայաստանում այս մեթոդը կիրառում է պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը:
«Մարդու մաշկը ենթարկվում է տարիքային փոփոխությունների` պայմանավորված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցությամբ: Արտաքին գործոններից են հատկապես դեմքի մաշկի վրա ազդող սթրեսը, սնունդը, ծխելը, անորակ կոսմետիկան, ցուրտը, աղտոտումը: Իսկ ներքին գործոններն են` նյութափոխանակությունը, հորմոնալ և գենետիկ անհատական առանձնահատկությունները»: Վիրաբույժի խոսքով, վերը նշված գործոնները բերում են էլաստիկության, մաշկի կնճռոտման: «Դեմքի մաշկն առավել արտահայտված է ենթարկվում այդ փոփոխություններին,- ասում է Թ. Ասատրյանը։ -Էսթետիկ բժշկության նպատակն է վերացնել տարիքային փոփոխությունները, ինչպես նաև՝ փոխել այտերի, կզակի եզրագիծը և շրթունքների ծավալը, որոնց համար գործում են վիրահատական և ոչ վիրահատական եղանակներ: Վիրահատական եղանակները ցուցված են ավելի բարձր տարիքի համար, երբ ունեն մաշկի ավելցուկ: Իսկ ավելի երիտասարդ տարիքի համար (30-ից բարձր) կան ոչ վիրահատական եղանակներ, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում»:

 

Դրանցից են.
«Dysport»-ը մեթոդ է, որը թուլացնում է գերակտիվ միմիկայի մկանը` դրանով պահպանելով մաշկի էլաստիկությունը, բայց չդարձնելով դեմքը ամիմիկ:
«Restylane»-ը հարթեցնում է մաշկի ռելիեֆը, ինչպես նաև փոխում է դեմքի եզրագիծը և շրթունքների ծավալը:
«Skin-Tech». սրանք անվնաս նյութերի համակցությամբ ոչ միայն հեռացնում են մաշկի եղջերային շերտը, այլև վերականգնում են մաշկի էլաստիկությունը, գունային երանգը, հարթեցնելով ռելիեֆը` թողնելով ձգման և երիտասարդացնող ազդեցություն: Ոչ վիրահատական եղանակներից է նաև մաշկի պապիլոմաների, սպիտակ ճարպային գնդիկների, ուգրիների հեռացման մեթոդը, որը կատարվում է էլեկտրոկոագուլյատոր կոչվող սարքի միջոցով` առանց որևէ հետք թողնելու:

 

Այս մեթոդը չունի հակացուցումներ. կատարվում է տեղային անզգայացման պայմաններում: Ոչ վիրահատական այս պրոցեսները տևում են մինչև մեկ ժամ, որից հետո վերականգնողական էտապը շատ կարճ է` 1-5 օր:
Ինչպես նշում է վիրաբույժը, այս ծառայությունից օգտվում են հիմնականում կանայք, իսկ տղամարդիկ շատ հազվադեպ են դիմում: Երբեմն հաճախորդներն այցելում են հարազատներից գաղտնի: Առանց վիրահատության էսթետիկ գեղեցկությունը պահպանվում է 6 ամսից մինչև 1 տարի: Սակայն 2 տարի այս ծառայությունից օգտվելուց հետո, ըստ մասնագետի, այլևս դրա կարիքը չի զգացվում: Հակացուցումներից են միայն հղիությունն ու կրծքով կերակրելը: Ելնելով դեղամիջոցի ծախսերից, տեսակից և համակցումից` էսթետիկ բժշկության գինը որոշվում է անհատական:
Գեղեցիկ լինելու և երևալու բազմաթիվ տարբերակներ կան այսօր, պարզապես մեզ մնում է որոշել դրա չափն ու սահմանը…

 

Ա. Մնացականյան

«3 Միլիոն»