ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի լույս 4-ի գիշերը ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»:
Նշենք, որ երեկ՝ կեսգիշերին, Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել իր տան մոտ: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա ֆեյսբուքյան «ուղիղ եթերով» պատմել դեպքի մանրամասները: Նա արարքը վերագրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին՝ նշելով, որ հարձակվողները 8-10 հոգի են եղել, բացի այդ՝ 4 հոգի էլ պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում են կատարել։
«Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։ Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր՝ ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել»,- ասել է Մալյանը։
Միջադեպից կարճ ժամանակ անց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը գրառում է կատարել ֆեյսբուքում. «Նարեկ Մալյանին ուզում էինք քցել զիբիլը, ոստիկանությունը բերման ենթարկեց»։
Ավելի ուշ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Նարեկ Մալյանին մատով անգամ չեն դիպել և ոչ մի հայհոյանք չի եղել։ «Ապրիլ-մայիսյան փոփոխություններից հետո բազում դրական աշխատանքներ ունենք անելու: Կան մարդիկ, որոնք փոփոխությունները չեն ուզում նկատել ու քանի որ բանական ճանապարհով՝ փաստարկներով, ինչ որ բան խոսելով՝ հաջողության չեն հասնում, մնում են անձնական վիրավորանքները: Այստեղ խոսքը Նարեկ Մալյանի մասին է, որն ամեն ինչ արել է, որ ԵՊՀ-ում տուրք տանք իր սադրանքներին, հոգաբարձուների նիստը տեղի չունենա, բայց մենք չտրվեցինք այդ սադրանքներին: Թավշյա հեղափոխության ընթացքում արժանապատվության պայքար է եղել, մեզ մոտ արժանապատվությունը մնացել է: Գիտենք՝ քաղաքային իշխանության համար աղբահանման խնդիրն ամենալուրջն է: Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք, ոստիկանների շնորհիվ նա չհայտնվեց աղբամանում»,- նշել է Դավիթ Պետրոսյանը։
Ապա Դավիթը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Կհրապարկենք աղբահանության գործընթացի ամբողջական տեսանյութը։ Արժանապատվությունը երբեք ոչինիչ հետ չենք փոխելու։
Մենք փորձեցինք բոլորին ուղղված վիրավորանքները մեր վրա վերցնել ու բացասականը խեղդել՝ դրական տարածելով»։