«Խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղներն ու ծպտուն չհանել, ինչպես ծպտուն չէին հանում, երբ ավիրում էին Խորենացու 13-ի շենքի ֆասադը»
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղներն ու ծպտուն չհանել, ինչպես ծպտուն չէին հանում, երբ ավիրում էին Խորենացու 13-ի շենքի ֆասադը»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

«Եկեք հասկանանք, թե որտեղ է պետք դնել ստորակետը՝ «քանդե՞լ», թե՞ «կարելի» բառից հետո։

Մի կողմից ունենք քաղաքային իշխանությունների, բնապահպանների ու երևանցիների մի մասի դիրքորոշումը, որոնք միանշանակորեն կողմ են, որ սրճարանները քանդվեն, ու վերականգնվի կանաչ գոտին։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ պատմականորեն այդպես է եղել, որ Երևանում կանաչ գոտիներն առանց այն էլ քիչ են, որ քաղաքի կենտրոնը սրճարանախեղդ է արված, որ այդ սրճարաններից շատերը ժամանակին ապօրինի կամ էլ ստվերային եղանակներով ձեռք բերված հիմքերով են հայտնվել։

Բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, Օպերայի հարակից տարածքը ԽՍՀՄ ժամանակ ավելի կանաչապատ էր, այո՛, Երևանում կանաչապատման խնդիր իրոք կա ու դա դեռ 90-ականներից է գալիս, այո՛, ծառն ու ծաղիկն էսթետիկորեն էլ, էկոլոգիապես էլ հավես բաներ են։

Մյուս կողմից ունենք սրճարանատերերի, տնտեսագետների և ծառ ու ծաղիկ սիրող երևանցիներից ոչ պակաս երևանցի հանդիսացող սրճարանասեր երևանցիների դիրքորոշումը, որը ևս օբյեկտիվ փաստարկներով է հիմնավորված։ Էդ սրճարաններն աշխատատեղեր են ստեղծում, էդ սրճարանների վրա արված են ներդրումներ, էդ սրճարանները եկամուտ են բերում, ընդ որում՝ ոչ միայն սեփականատերերին, այլ նաև պետությանը, էդ սրաճարանները, վերջիվերջո, սիրված են ու պահանջարկ են վայելում հազարավոր մեր համաքաղաքացիների, շրջաններից եկած մեր հայրենակիցների ու տուրիստների շրջանում, էդ անտեր կանաչապատման հիմնախնդիրն էլ ոչ Օպերայի հարակից տարածքով է սկսվում, ոչ էլ դրանով ավարտվում է։

Ու կրկին բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, ծառ ու ծաղիկն ավելանալու է գործազրկությանն ուղիղ համեմատական, այո՛, շատ տնտեսվարողներ ոչ մի օրենք էլ չեն խախտել, ու հասկանալի չէ, թե ինչու պետք է զրկվեն իրենց ներդրումներից ու բիզնեսից ազգաբնակչության մի շերտի ու քղաքապետարանի ինչ-որ չինովնիկների քմահաճույքից դրդված, այո՛, ծառ ու ծաղիկից հարկեր չես գանձելու, իսկ սրճարանից գանձելու ես, և, այո՛, կան հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր գերադասում են ոչ թե խոտերի մեջ նստել, այլ ավելի հարմարավետ անցկացնել իրենց ազատ ժամանակը։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր փաստարկներն էլ իրավունք ունեն լինելու, ու հասկանալի չէ այն ռադիկալիզմը, որը դրսևորում են քաղաքային իշխանությունները։ Դրանով հերթական լարվածության կետ է ստեղծվում ներհասարակական հարաբերություններում, ու հերթական անհասկանալի հարվածն է հասցվում քաղաքի ու պետության բյուջեին։ Ինչո՞ւ։ Մի՞թե բոլոր հնարավոր կոմպրոմիսները քննարկված էին ու ապացուցված էին սխալ, ո՞վ է որոշել, որ ծառն ու ծաղիկը, որքան էլ որ էսթետիկ ու էկոլոգիապես պուպուշ լինեն, միանշանակորեն ավելի կարևոր են ու հանրային գերակա շահ են, քան սրճարանի սեղանիկն ու դրա գոյացրած տնտեսական ու ռեկրեացիոն էֆեկտները։ Մի քիչ շատ չե՞ն նոր իշխանությունները գերանդիով լուծում խնդիրներն առանց որևէ լուրջ բովանդակային քննարկման ու հիմնավորման։

Դրա համար պետք չէ շտապել ստորակետի տեղը որոշել, այլ պետք է նստել կլոր սեղանի շուրջ և իրար հասկանալ։ Ես վստահ եմ, որ, այնուամենայնիվ, կարելի է այս հարցում գտնել այնպիսի լուծումներ, որ հա՛մ ծառ ու ծաղիկ սիրողները գոհացնող արդյունք տեսնեն, հա՛մ տնտեսվարողներն ու սրճարան սիրողները։

Հ.Գ․ Չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձած հաստիքային բնապահպաններին ու քաղաքային հուշարձանների պահապաններին խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղներն ու ծպտուն չհանել, ինչպես ծպտուն չէին հանում, երբ ավիրում էին Խորենացու 13-ի շենքի ֆասադը»։



Նման նյութեր