Արցախցի Անդրեասյանների ընտանիքի բնականոն կյանքը խախտվեց 2016թ․ ապրիլի 2-ին, երբ դպրոցի բակում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացավ ընտանիքի միջնեկ զավակը՝ 12-ամյա Վարդանը։ Այս մասին գրում է news.am-ը:
Դասերից մշտապես ուշացող Վարդանն այդ օրը, չգիտես ինչու, որոշել էր շուտ գնալ դպրոց։ Ընկերոջ՝ Գեւորգի հետ դպրոցի բակում զրուցում էին, երբ առաջին արկն ընկավ հենց նրանց կողքին։ Պայթյունի ձայնից Վարդանի մայրը դուրս էր վազել բակ ու հեռվում տեսել որդուն՝ նստած։ Սկզբում տիկին Նուշիկին թվացել էր՝ Վարդանը վախից է նստել։
«Վարդանն ասում էր՝ մամ, արի, չեմ կարա գամ, ես էլ ասացի՝ այ տղա, մի վախեցի, վեր կաց արի, գնացի, տեսա՝ էլ ինչ, խեղճ երեխաս Գեւորգի հետ գետնին ընկած, սաղ արյունլվա․․․ երեխես ինձ էր ասում՝ մամ, մի վախեցի, բան չկա, մի վախեցի․․․ Վարդանին ու Գեւորգին առաջին բուժօգնություն եմ ցույց տվել, կապել եմ վերքերը, որ չարնահոսեն, հետո էլ 15 տարեկան տղաս եկավ ու երեխեքին տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմում է տիկին Նուշիկը։
Վարդանին ու Գեւորգին առաջին օգնությունը Մարտունու շրջանային հիվանդանոցում են ցույց տվել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտ։ Ու դեպքից 3 տարի անց էլ տղան ամբողջությամբ չի ապաքինվել։ Այս ընթացքում կրկին վիրահատության է ենթարկվել․ «Այստեղից շատ դժվար է անընդհատ Ստեփանակերտի հիվանդանոց գնալ ու գալ, երբեմն մեքենա էլ չենք գտնում․․․ սկզբում Վարդանի համար դժվար էր էստեղ վերադառնալը, վախենում էր, բայց որ եկանք, քիչ-քիչ հարմարվեց։ Իհարկե, էս ապրումներից Վարդանի մոտ խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել, լոգոպեդի մոտ ենք հաճախում, հոգեբանն էլ ասում է՝ պիտի փոխեք միջավայրը, որ ոչինչ չհիշեցնի այդ օրը, բայց ո՞ւր գնանք․․․»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: