Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ 2017-ին կարճված գործն իշխանափոխությունից հետո վերաբացվեց ու զարգացումները նոր թափ ստացան. «Պողոսյանի գործով ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ»,- ասաց գլխավոր դատախազը: Արդեն այսօր խուզարկություն կատարելու նպատակով ԱԱԾ-ն մտավ Պողոսյանի առանձնատուն:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատարանը ապրիլի 15-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Ավելի ուշ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ նշվում էր նրա գտնվելու վայրը՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ի դեպ, ասում են՝ այդ շքեղ թաղամասում բնակարանների գները սկսվում են 1 միլիոն դոլարից։