Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից… Հատուկ կուզենամ անդրադառնալ 8-րդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասին կետին… Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ այդ կետն ամբողջությամբ կատարված է. չկա մենաշնորհ բենզինի, շաքարավազի և բանանի շուկաներում…
ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Վրաստանում համապատասխան ապրաքների գների ցածր լինելը հայաստանյան շուկայի հետ բացատրում էր Հայաստանում մենաշնորհների առկայության պատճառով… Ինքս, տնտեսագետ չլինելով, համաձայն եմ եղել պարոն Փաշինյանի հետ, քանի որ մենաշնորհի առկայությունը որևէ բնագավառում բերում է մրցակցության բացակայությանը, որի արդյունքում էլ մոնոպոլիստը համապատասխան ապրանքի գինը սահմանում էր ըստ իր ցանկության… Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ շաքարավազի շուկայում «թագավորում» էր և ըստ պարոն Փաշինյանի կառավարության նիստում հրապարակած վերջին տվյալների, շարունակում է «թագավորել» (մինչև հիմա շուկայի 75 տոկոսը գնտվում նրա վերահսկողության տակ) Սամվել Ալեքսանյանը, բենզինի շուկայում՝ Բարսեղ Բեգլարյանը, իսկ բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանը… Հասարակության համար մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր շոշափելի արդյունքը համապատասխան ապրանքների գների նվազումը պետք է լիներ… Սակայն, բացի բանանից, որի գինը նվազեց 2018 թ-ի ամռանը և որը կրում էր սեզոնային բնույթ և կտրուկ բարձրացավ 2018-19 թթ-ի սահմանագլխին, ինչպես նաև որոշ ժամանակով բենզինի գների նվազումը, որը կրկին բարձրացավ, մոնոպոլիստի գրպանի հաշվին գների նվազում տեղի չի ունեցել…
Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ընդհանրապես աճ են գրանցել… Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա Գյումրիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում շաքարավազը, կարագը, բենզինը, գյուղմթերքները և շատ այլ ապրանքներ բավական էժան են, քան Գյումրիում և, ընդհանարապես, Հայաստանում…
Ինձ և հազարավոր քաղաքացիների համար որևէ արժեք չունի մոնոպոլիաների դեմ պայքարի պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե ես դա չեմ զգացել իմ գրպանի վրա… Պարոն վարչապետի «հակամենաշնորհային» հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մենաշնորհների դեմ պայքարը հիմնականում ավարտվել է, բայց հասարակությունը, ինչպես ես նշեցի, այն իր գրպանի վրա չի զգացել և չի էլ զգալու…
Հ.Գ. Որքան նկատում եմ, ներկայիս իշխանությունն ընդօրինակել է նախորդների «գիծը»՝ առանց կոնկրետ ապացույցների ինչ-որ թվերով խոսել ժողովրդի հետ՝ փորձելով վերջինիս ապացուցել, որ եթե նրանք դրականը չեն զգացել, ապա դա իշխանությունների խնդիրը չէ…»: