ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մայիսի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն՝ Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ: Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության և «դուխի» վրա: Այո՛, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է: Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը: Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելն անլուրջ կլիներ: Ավելին՝ ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև՝ ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի: Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են: Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ՝ հանուն որի ես դառնամ մանկուրտ: Լսեք էլ՝ չհավատաք: Եվ որ «դուխիս» վրա չկասկածեք. իմ էջում դնում եմ նաև ձեր գրառումը»։