Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Ոստիկանները պազրել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. և Ա. Ջոլֆալակյանները հայր ու որդի են, Ա. Ջուլֆալակյանն էլ ՀՀ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: