«Ինչու՞ եկանք այս հանգրվանին». Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

«Ինչու՞ եկանք այս հանգրվանին». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու՞ եկանք այս հանգրվանին.
Բնակչության ու հատկապես իշխող կուսակցության շատ անդամների մոտ կարծիք էր ձևավորվել, թե հեղափոխությունն ավարտվում է իշխանափոխությամբ և ընտրություններով: Դրանից հետո կարելի է ձեռքերը ծալած նստել ու սպասել արդյունքների: Որևէ հեղափոխության կամ նմանատիպ գործընթաց չի ունեցել հեշտ արդյունք:

Փաշինյանի նշանակած կադրերից շատերը, և առաջնապես Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հեղափոխության կրող չեն: Նրանցից ոմանք կոմֆորմիստներ են. սովոր են աշխատել յոլա գնալու սկզբունքով: Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում կան մարդիկ, որոնք խորը թմբիրի և վայելքի մեջ են: Նրանք համարում են, որ իրենց գործը կատարել են, սակայն իրականում, ոչինչ էլ չեն արել:

Հեղափոխությունը չի սիրում հապաղում: Հեղափոխությունը սիրում է ռիթմ, արագություն ու ոչ ճակատագրական, բայց անխուսափելի սխալներ: Կառավարությունը մեծ հաշվով հեղափոխական չէ: Միայն կառավարության ղեկավարն է հեղափոխական:

Հեղափոխությունը, ինչքան էլ չուզենք, պահանջում է հասարակարգի, համակարգերի, մշակույթի, խոսույթի և մոտեցումների ամբողջական փոփոխություններ: Հեղափոխությունները չեն արվում անձերի դեմ: Դրանք արվում են համակարգերի դեմ, որոնց սիմվոլիզացումը տեղի է ունենում անձերի միջոցով:

Երիցս նշել եմ ու շարունակելու եմ պնդել, որ Հայաստանում հեղափոխությունը չի ավարտվել ոչ նախորդ տարվա մայիսին, ոչ էլ առավել ևս՝ դեկտեմբերին: Ավելին, դեկտեմբերյան արդյունքներով ձևավորված ԱԺ-ով ու կառավարությունով այն հապաղել է:

Ուստի, ՀՀ-ում հեղափոխությունը դեռ շարունակվում է: Կամ մենք, որպես գիտակից հանրույթ, առանց բռնության ու լարումի, առանց թշնամանքի ու ճգնաժամի դուրս կգանք այս իրավիճակից պատվով կամ կկորցնենք պատմական պատեհությունը՝ մոտակա ժամանակներում ունենալ կուռ պետություն և պետականակառույց ազգ»:



Նման նյութեր