Օսիպյանի պնդումներն անհիմն են. fip.am
Advertisement 1000 x 90

Օսիպյանի պնդումներն անհիմն են. fip.am

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մայիսի 20-ին հազարից ավել քաղաքացիների կողմից Հայաստանով մեկ դատարանների շրջափակմանը։

«Կարծում եմ, որ ինքնաբուխ ակցիա էր, հավաք էր ..։ Ես համարում եմ՝ դա որպես ինքնաբուխ շտապ հավաք»,- նշեց Օսիպյանը։

Ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ հոդվածի, ինքնաբուխ է համարվում «որոշակի իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը», իսկ շտապ՝ «այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով, և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում»։

Մայիսի 20-ին Հայաստանով մեկ դատարանների մուտքերի շրջափակումը չի կարող համարվել ո՛չ շտապ, ո՛չ էլ ինքնաբուխ ակցիա, քանի որ այս գործողություններն իրականացնելու կոչով մայիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանը։

Օսիպյանը նաև պնդեց, որ այդ հավաքները «տեղավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ընդհանուր դրույթների մեջ»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում: Ըստ այդ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, հավաքը պետք է արգելվի, եթե այն սպառնում է դատարանների բնականոն գործունեությանը։ Ավելին, ինչպես արդեն նշել էինք, սույն կարգը խախտելը վարչական իրավախախտում է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն։

fip.am



Նման նյութեր