«Մալայան» ԲԿ-ում միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել
Advertisement 1000 x 90

«Մալայան» ԲԿ-ում միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստով, որտեղ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին արվել էր ներակնային ներարկում, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:

Քննչական կոմիտեից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ ոստիկանությունն է հարուցել քրեական գործը. «Մենք վարույթ ենք ընդունել, կատարում ենք փորձաքննություններ, եզրակացություններ դեռեւս չենք ստացել»:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ապրանքների թողարկում կամ վաճառք, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին:

Հիշեցնենք, որ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին արվել էր ներակնային ներարկում Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, լուրջ խնդիրներ են առաջացել տեսողության հետ կապված, եւ նրանց վիրաբուժական միջամտություն է հարկավոր։  Եվս 2 պացիենտի աչքերը բորբոքվել էին եւ թարախակալվել, բայց նրանց հաջողվել է դեղերով օգնել, եւ վիրահատության կարիք չի առաջացել:

Սկզբում պնդում կար, որ պացիենտներին ներարկված դեղը, իբր, նախանական անալիզների համաձայն, վարակված էր աղիքային ցուպիկով. նույն ինֆեկցիան հայտնվել էր պացիենտների աչքերի մեջ եւ առաջացրել բորբոքում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անհնար է մի քանի ժամում դեղամիջոցի բակտերիոլոգիական հետազոտություն անցկացնել եւ պարզել, թե դրա մեջ ինչ ինֆեկցիա կա, դրա համար ժամանակ է հարկավոր:

Հայտնի է նաեւ, որ պացիենտներին ներարկել են շվեյցարական «Ռոշ» ընկերության արտադրության «Ավաստին» (Avastin) դեղամիջոցը, որը, սակայն, նախատեսված չէ ակնաբուժության մեջ օգտագործելու համար: Մի քանի փորձագետների կարծիքով՝ բացառված չէ, որ ոչ իր նշանակությամբ դեղամիջոցի օգտագործումը կարող էր դառնալ տեղի ունեցածի պատճառը: Առավել եւս, որ անցյալում համանման իրավիճակ գրանցվել է նաեւ այլ երկրներում:

Առայժմ հայտի չէ, թե կոնկրետ ինչն է պացիենտների մոտ խնդիրներ առաջացրել՝ բուն դեղի՞ մեջ եղած ինֆեկցիան, դրա օգտագործո՞ւմը ոչ ըստ հրահանգի («օֆ-լեյբլ»), թե՞ դեղամիջոցը ներարկելիս հիգիենիկ նորմերին չհետեւելը:

Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները դեռեւս պարզվում են:

news.am