«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաև լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը. factor.am
Advertisement 1000 x 90

«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաև լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը. factor.am

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում նախօրեին թեժ քննարկում է եղել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ։ Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու հետաքրքիր տարբերակներ են առաջարկել: Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ և պարզել, թե ով է «սլիվ» անողը: Ալեքսանդր Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ԱԱԾ-ն ավելի կարևոր գործերով պետք է զբաղվի, ապա ավելացրեց՝ արտահոսքի թեման հաճախ նաև ուռճացված է: Այնուհետ, շարունակելով ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել:

«Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասաց նա և ընգծեց, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաև խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը: Մասնավորապես, Ալեսանդր Ավետիսյանն անձնական կարծիք ունի, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։ Պատգամավորը գտնում է, որ լրագրողները պետք է այդ ընթացքում կանգնեն ընդհանուր միջանցքում: Նշենք, որ Ազգային ժողովի թ.334 դահլիճը գտնվում է ԱԺ լիագումար նիստերի դահլիճի հարևանությամբ, այն բավականին մեծ սենյակ է, որտեղ անցկացվում են քառօրյա նիստերին հաջորդող բրիֆինգները, հանձնաժողովի համատեղ նիստերը, ԱԺ խորհրդի նիստերը, հանրային լսումներ, ինչպես նաև իշխանական խմբակցության փակ նիստերը:

Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ հնարավոր է լինի առաջարկություն, որ նիստերի ընթացքում լրագրողների մուտքը դահլիճի նախասրահ արգելվի: «Եթե շարունակեն ձայնագրություններ հրապարակել, ապա հնարավոր է: Իմ կողմից հնարավոր է հնչի նման առաջարկ»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն: «Ես արդեն առաջարկել եմ, որ մտածեն այդ ուղղությամբ: Եթե լրագրողներն ուզում են սպասեն և տեղեկատվություն ստանան, կարող են սպասել քիչ ավելի հեռու: Խմբակցությանը քննարկման ժամանակ առաջարկել եմ»,- ասաց նա:

Factor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որպեսզի պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին և հասկական, թե ինչպես է նրանց տեղեկատվություն փոխանցվում: Factor.am-ի հետ զրույցում Համազասպ Դանիելյանն իր այս առաջարկությունը հետևյալ կերպ մեկնաբանեց: «Խոսքը վերահսկելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե կա տարածք, այդ տարածքի կազմակերպման մասին է: Որևէ հնարավորություն չպետք է տալ լրագրողին` էն ինչը իրենցը չի, ականջ դնել կամ տարածքի ֆիզիկական բնութագրիչներից ելնելով իրենց հասանելիքը դարձնել»,- եզրափակեց նա:

factor.am