Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատավորների ընդհանուր ժողովից սպասում էի ավելի խորքային ու հիմնավոր վերլուծություն դատական իշխանության շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ:
Մտածում էի, որ հենց իրենք՝ դատավորները հանդես կգան համակարգն առողջացնելու կոնկրետ, իրատեսական և ռացիոնալ արդյունք ենթադրող առաջարկություններով՝ հիմնված գործող սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա:
Ոչ մի կասկած չունեմ, որ արդար ու անաչառ դատավորներն ամենից լավ են պատկերացնում համակարգի խնդիրները և ունեն դրանք առողջացնելու հստակ պատկերացումներ:
Տառացիորեն մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էի, որ դատական համակարգում կան առաքինի եւ ազնիվ դատավորներ, ովքեր իրենց վրա պետք է վերցնեն դատական համակարգը ֆիլտրելու առաքելությունը:
Հ.Գ. Այս օրերի ընթացքում շատ եմ մտածել հրապարակել իմ պատկերացմամբ այն դատավորների ցուցակը, ովքեր իրենց գործունեությամբ պատիվ են բերում և կարող են բեկում մտցնել դատական համակարգում, սակայն զգուշացել եմ, որ կարող եմ նեղացնել նաև այն դատավորներին, որոնց պատահմամբ կարող եմ չհիշատակել, կամ որոնց նախագահությամբ չեմ մասնակցել որևէ դատական նիստի:
Եթե իմ գործընկերները փորձեն հիմնավորել, որ այդ եղանակով հնարավոր է օգնել ինչ-որ ձևով հաղթահարել դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, պատրաստ եմ հրապարակել այդպիսի ցուցակ…
Կարծում եմ, որ փաստաբանները լուրջ դերակատարություն պետք է ունենան արդար դատական համակարգի կայացման գործում…»: