Մայիսի 29-ին, խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արման Սահակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ բախվել են 44-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ЗИЛ MMZ 4502 մակնիշի 35 VՍ 477 համարանիշի և 28-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 061 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո էլ 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և մխրճվել թիվ 14 փողոցի 65 տան տարածք:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ովքեր սահմանազատել են տարածքը, հատուկ հենասյուներ դրել փլուզվող առաաստաղի տակ, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերվեն նշված տարածքից:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ավան վարչական շրջանի ղեկավարը և Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: