Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առկա ուսումնասիրությունները կտրամադրի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ՊՆ-ում Ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություն կա, Տոնոյանն ասաց. «Առկա են ուսումնասիրություններ, և դրանք կտրամադրվեն հանձնաժողովին: Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Հիմա այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը կա՞ր արդյոք` Տոնոյանը նշեց, որ եթե հանրային պահանջ կա, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:
Տոնոյանի կարծիքով` եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ապա բոլոր այն հարցերը, որոնք հանրության մեջ առաջացել են նաև հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց սիրով համագործակցել այդ հանձնաժողովի հետ:
Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է հունիսի 4-ին: