Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց դատարանի դահլիճում առաջացած միջադեպի պատճառով:
Գործով մեղադրյալ Սերյան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, ով հանդես է գալիս ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակից, տեղից խոսեց և որոշակի արտահայտություներ արեց, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց լռել։ Քաղաքացին խոսելու իրավունք խնդրեց, սակայն դատավորը մերժեց, ինչից հետո քաղաքացին հայտարարեց, որ Քոչարյանի՝ դատարանում գտնվող աջակիցների կողմից իր հասցեին հնչում են սեռական բնույթի հայհոյանքներ։
Այդ հայտարարությունից հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկան Քոչարյանի աջակիցները,՝ ասելով, թե բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում։
Ստեղծված իրավիճակում դատավորը հրահանգեց քաղաքացուն դուրս հրավիրել, սակայն քաղաքացին համառեց՝ պահանջելով դատավորից դուրս հրավիրել կարգադրիչներին, ովքեր փորձում էին իրեն հեռացնել դատարանի դահլիճից։
Դատավորը նշեց, որ նրան մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռնում դատարանի դահլիճում մնալու, սակայն իրավիճակը չհանդարտվեց, ուստի դատավորը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որպեսզի դատարանում գտնվող բոլոր քաղաքացիները դուրս հրավիրվեն, ինչից հետո նիստը կշարունակվի: