Ուրիշի ցավ չկա. եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր այն դիպչելու է նաև քեզ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ուրիշի ցավ չկա. եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր այն դիպչելու է նաև քեզ. armtimes.com

Երջանկությունը հարատև չէ: Պահ է` ապրում ես: Երկար ժամանակ կարող է ֆոնային մնալ: Ինչքան երկար մնաց` այդքան քո շահը: Մեր շուրջն այնպիսի բաներ են կատարվում, հնարավոր չէ այդ ամենի համապատկերում ամենաինքնաբավ վիճակում անգամ երջանիկ զգալ: Ընդհանրապես, իմ կարծիքով, ուրիշի ցավ չկա: Եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր անպայման այն անդրադառնալու, վերաբերելու, դիպչելու է նաև քեզ` ուզես-չուզես:

Նկարիչ Լիանա Ասատրյան

Անձնական երջանկություն.

Իմ կյանքի ամենա-ամենաերջանիկ պահը տղայիս ծնունդն էր: Այո, օրիգինալ չեմ այս առումով, երևի Ձեր զրուցակից բոլոր կանայք իբրև անձնական երջանկություն իրենց երեխայի ծնունդն են համարել: Տղաս ծնվեց, առաջին անգամ նրան դրեցին իմ գրկում, նա աչքերը բացեց ու նայեց ինձ. այդ պահին ամեն-ամեն ինչ ջնջվեց` ինչ եղել էր մինչ այդ, նոր կյանք բացվեց` ամենաիսկական երջանկությամբ: Սա է գլխավոր իրադարձությունը, որ եղավ իմ կյանքում: Սա է իմ երջանկությունը:

Մասնագիտական երջանկություն.

Իմ առաջին ցուցահանդեսն էր Գյումրու բիենալեում: Տասնութ տարեկան էի: Այդ ցուցահանդեսին հրավիրված էին միջազգային դեմքեր, մեծ նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում: Բայց այդ բոլոր անունները մի կողմ. իմ աշխատանքը ցուցադրվում էր այն նույն սրահում, որտեղ դրված էին նաև իմ ուսուցիչ Արա Գուրզադյանի ստեղծագործությունները: Այդ փաստն ինձ համար մեծագույն երջանկություն էր` ցուցադրվել լեգենդար այդ մարդու հետ նույն սրահում:

Ամեն նկարի ավարտը տեսնելն է երջանկություն, որովհետև դրան հասնելը դժվար է, միշտ չէ, որ  զգում ես ավարտը: Էլ չասեմ, որ կարող եմ նաև ավարտի հանգուցալուծումից գոհ չլինել: Երբ հասկանում եմ, որ կայացավ ավարտը և ես հասցրեցի, կարողացա ասել այն, ինչ ուզում էի, երջանիկ եմ:

Աշխատանքի բերումով ամեն օր շփվում եմ 3-6 տարեկան երեխաների հետ, նրանց սովորեցնում եմ լինել ազատ, սիրել գույները և աշխատել դրանց հետ: Ավելի ճիշտ` աշխատում եմ չվնասել նրանց ազատությունն և գույները զգալու ունակությունը: Ու ես անընդհատ նրանց սերն եմ զգում, ապրում ու վայելում: Մի քանի օր բացակայել էի աշխատանքից, երբ եկա աշխատանքի, իմ երեխաները խմբով «գրոհեցին» ինձ վրա, տապալեցին գետնին ու փորձում էին իրենց կարոտն ու սերն արտահայտել: Ես հազիվ էի «դիմանում» այդ մեծագույն երջանկությանը: Դա, իրոք, դիմանալու երջանկություն է /ծիծաղում ենք – Մ.Բ./: Չգիտեմ` ինչով եմ արժանացել նրանց անսահման սիրուն: Գուցե նրանց հետ աշխատելու իմ այն սկզբունքով, որ փորձում եմ չդիպչել նրանց բնական ազատությանը, չուղղորդել դեպի իմ պատկերացրած գեղեցիկը, բաց լինել նրանց առաջ հասկանալու իրենց աշխարհի գույներն ու պատկերները: Ու ես շնորհակալ եմ ճակատագրին, որ հայտնվեցի այդ միջավայրում, որտեղ կարող եմ ամեն օր զգալ երեխաների ապրեցնող էներգետիկան, վայելել նրանց հետ շփումը, սեր տալ ու սեր առնել նրանցից:

Հանրային երջանկություն.

2018-ին` Թավշյա հեղափոխության օրերին, երբ իմացա, որ նախկին իշխանության առաջին դեմքը հրաժարական տվեց. սա ինքնին նշանակում էր, որ բուրգը կփլվի: Ես այդ պահին, իրոք, երջանիկ էի: Հիմա էլ` ոչ նախկին ոգևորությամբ, բայց չմարող հույսով հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Գուցե ավելի դանդաղ, քան ակնկալում էինք, բայց անպայման կունենանք այն պետությունը, որի մասին երազում ենք:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Մեր երկիրը կարող է դառնալ երջանիկ մարդկանցով բնակեցված տարածք, եթե ագրեսիան պակասեր ու սերը շատ լիներ: Ես հիմա խոսում եմ միջանձնային պարզ հարաբերություններից. ասենք, ժպտալով խանութ ես մտնում ու հարց ես տալիս, փոխարենը մարդկանց հայացքներում էնքան կոշտություն ես տեսնում: Կոշտ, դժգոհ, ագրեսիվ, ջղային: Ու քո ժպիտն անզոր է դրանց առաջ: Սեր և բարեկրթություն` սա է իմ ուզածը, սրանք պետք է իշխեն երջանիկ տարածքներում: Ու համոզված եմ` իմ պատկերացումը երջանիկ երկիր ունենալու համար անհնարին չէ: Հնարավոր է:

armtimes.com



Նման նյութեր