Իրազեկում՝ հարևանային իրավունքի մասին
Advertisement 1000 x 90

Իրազեկում՝ հարևանային իրավունքի մասին

Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։ Այս մասին սահմանում է հարևանային իրավունքի մասին ՀՀ օրենքը:

Եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և տվյալ տարածքին բնորոշ գույքի բնականոն օգտագործումը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում։

Փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշվում են կողմերի համաձայնությամբ: Համաձայնության չգալու դեպքում փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշում է դատարանը` հաշվի առնելով նաև փոխհատուցում տվող անձի գույքային դրությունը:

Ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։

Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա։

Հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել: Սույն մասով ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն փոխանցմամբ: Եթե ծանուցելն անհնար է, ներառյալ՝ եթե հարևանի փաստացի բնակվելու վայրն անհայտ է, ապա հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել սույն մասով նախատեսված գործողության կատարմանը:

Հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:

Հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով (սույն գլխում այսուհետ՝ բաժանագիծ) սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը:

Բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ։ Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում։

iravaban.net