Հայաստանն ազդարարում է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը. Ադոնց
Advertisement 1000 x 90

Հայաստանն ազդարարում է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը. Ադոնց

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ելույթ է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, փոխնախարար Ադոնցը ելույթում նշել է.

«Հարգելի տիկին Բաթոյան,

Հարգելի տիկին Վուտովա,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Երկու շաբաթ առաջ Երևանում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի կողմից տրվեց 2019-2022թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը հմտությունների ամրապնդման և մեր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու կարևոր գործիք է։

Ընթացիկ տարվա ապրիլին Գործողությունների ծրագրում մեկնարկեց դատաիրավական բարեփոխումների բաղադրիչը, որը մեր կառավարության օրակարգի առաջնահերթ ուղղություններից է և օժանդակելու է Հայաստանի դատական համակարգի բարենորոգմանը։ Այսօր էլ ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը։

Հայաստանը՝ որպես համամարդկային արժեքների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի սկզբունքների կրող, հավատարիմ է դրանց խթանմանը թե´ ազգային և թե´ միջազգային մակարդակներում։ Մենք մեծապես կարևորում ենք կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում։ Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենաակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։

Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է։

Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաև Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։ Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաև կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը։

Լիահույս եմ, որ այսօր մեկնարկող Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրն ուղի կբացի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մոտալուտ վավերացման, ինչպես նաև կոնվենցիայի դրույթներն ու պրակտիկ գործիքներն ազգային օրենսդրությունում և գործնական դաշտում ներդնելու համար։

Հարկ է նշել նաև, որ կանանց համար արդարադատության հասանելիության վերաբերյալ մեկ այլ ծրագիր իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» օժանդակ ծրագրի շրջանակում։

Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Գործողությունների ծրագրին մեր գործընկերների աջակցությունը։ Տվյալ դեպքում՝ Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են Գերմանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը։

Մենք վճռական ենք բարելավել նախորդ փուլի Գործողությունների ծրագրի ֆինանսավորման և արդյունավետ իրականացման հաջողությունը։ Բավական կլինի նշել միայն, որ նոր մեկնարկած Գործողությունների ծրագրում ապահովված է արդեն սահմանված բյուջեի (19 մլն. եվրո) ավելի քան 50%-ի ֆինանսավորումը։

Ավարտելով՝ արդյունավետ համագործակցություն եմ մաղթում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի շահառու գերատեսչություններին և կառույցներին։

Շնորհակալություն»։