Քաղաքացիները չպետք է վճարեն 1000 դրամը. «Վելեսը» կօգնի Կառավարությանը հավաքագրել անհրաժեշտ գումարները
Advertisement 1000 x 90

Քաղաքացիները չպետք է վճարեն 1000 դրամը. «Վելեսը» կօգնի Կառավարությանը հավաքագրել անհրաժեշտ գումարները

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ծանոթանալով Կառավարության  ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է  լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները, ցանկանալով օգտակար լինել Կառավարությանը և ՀՀ քաղաքացիներին, ձեռնամուխ է եղել հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրմանը:

Մեր կազմակերպությունը շարունակում է հետաքննել ՀՀ ներկա և նախկին պաշտոնյաների՝  կարողությունների ծագման աղբյուրները և անհայտ և ապօրինի ծագմամբ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այսուհետ իրազեկելու է Կառավարությանը, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի այդ եկամուտները բռնագանձելու և տրամադրելու զինծառայողների կարիքների համար նախատեսված հիմնադրամին:

Մասնավորապես, սույն հաղորդագրությամբ ՀՀ Կառավարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ  քաղաքացիական  ավիացիայի վարչության  նախկին պետ Հովհաննես Պավելի Երիցյանի  կողմից վերջին  տարիներին անհայտ ճանապարհով ձեռք բերված և տոկոսով տրված գումարներն ավելին են, քան ՀՀ աշխատող քաղաքացիների ողջ ծավալի  կողմից մեկ ամսում վճարվելիք 1000ական դրամների  հանրագումարը:

Ըստ 2015թ. պաշտոնական վիճակագրական տվյալների՝ ՀՀ զբաղված բնակչության թիվը  կազմել է  1.072.000 մարդ, այսինքն, եթե նրանցից գանձվի 1000ական դրամ, ապա հիմնադրամ մեկ ամսում մուտք կարվի 1.072.000.000 ՀՀ դրամ:

Այսպես 2014թ-ից Հ. Երիցյանի գումարների  ապօրինի  շրջանառության վերաբերյալ  քաղաքացիների դիմումների կապակցությամբ հարուցվել են  թվով 5 քրեական գործեր, որոնց  շրջանակներում պարզվել է, որ  Հ. Երիցյանը շրջանառել է  ընդհանուր  առմամբ 2.653.000 ԱՄՆ  դոլարին համարժեք 1.273.440.000 դրամ:

Ինչպես տեսնում եք, Հ. Երիցյանի՝ ստվերային շրջանառության մեջ դրած գումարները նույնիսկ գերազանցում են մեկ ամսում ՀՀ զբաղված բնակչության թվից գանձվելիք 1000ական դրամների հանրագումարը:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տիրապետում է նաև այլ անձանց՝ անհայտ ծագման եկամուտների մասին տվյալներ և պատրաստ է դրանք տրամադրել Կառավարությունը՝ հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրման և ՀՀ քաղաքացիների հարկային պարտավորությունները թեթևացնելու նպատակով:

Հուսով ենք, որ  իրավապահ  մարմինները, ի շահ  բանակի և հասարակության, հետամուտ  կլինեն  մեր մատնանշած գումարների բռնագանձմանը և դրանք պետությանը վերադարձնելուն՝ այսպիսով քաղաքացիներին ազատելով իրենց  գրպանից 1000 դրամը  մուծելու խնդրից: Հիշեցնենք, որ այդ նույն քաղաքացիների վճարած հարկերից է գոյանում իրավապահ մարմինների աշխատավարձը, որոնք տարիներ շարունակ հովանավորում են երիցյաններին:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն