Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը: Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց միևնույն ժամանակ անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել են կենդանիներ։
Արդեն այսօր՝ հուլիսի 19-ին, Էջմիածին քաղաքում կրկին հայտնաբերվել են սպանված կենդանիների դիակներ։ Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մարտ ամսին մեզ հետ զրույցում ասել է․ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը և բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի և արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք և ոչ արդյունավետ, որովհետև բնությունը ինքնակարգավորվում է և ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլևս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաև պաշտպանում են ու հսկում տարածքը՝ այլ շների ներթափանցումից»։
Ավելի մանրամասն` Econews.am