ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով ևս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նարեկ Կարենի Կարապետյանին և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ խմբի կազմում՝ Նարեկ Կարապետյանը Տիգրան Ասլանյանի և ինքնությունները չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10 միլիոն եվրո գումար:
Այս առումով տարակուսելի է տարբեր անձանց կողմից լրատվամիջոցներով խեղաթյուրված պատկեր ստեղծելու, ակնհայտ մղումով իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ մտացածին գնահատականներ տալը՝ քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից»:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Նարեկ Կարապետյանը ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին է: