Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդը: Այս մասին հայտարարվեց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի եւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի համատեղ մամուլի ասուլիսում:
Բագրատ Միկոյանի խոսքով՝ գովազդի թույլտվության համար քաղաքապետարան դիմելու հերոսապատումը շարունակվում է արդեն մոտ կես տարի: Ընդ որում՝ գրքի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան՝ Հայաստանում գիրքը ամենատարածված գրքերի տասնյակում է եւ բեսթսելեր է Մոսկվայում: Գիրքը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն:
Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ դեռեւս ապրիլին իրենք դիմել են քաղաքապետարան՝ գովազդի թույլտվություն ստանալու համար: «Ես զարմացած եմ վարչարարության խնդրի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցածից: Սա այն բանի քրեստոմատիական օրինակն է, թե ինչպես չպետք է լինի»,- արձանագրեց փաստաբանը:
Պարզվել է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի վերջին: Քաղաքապետարանը մինչեւ հիմա ոչ մերժել է, ոչ բավարարել:
Արաբկիր եւ Կենտրոն շրջանների թաղապետարանների միջոցով դիմելու փորձերը նույն արդյունքն ունեցան՝ պատասխան չկա:
«Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից»,- հիշեցրեց փաստաբանը:
Միեւնույն ժամանակ, քանի որ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն մտադիր է հետագայում էլ գործել ըստ օրենքի, նույնն ակնկալում է նաեւ քաղաքապետարանից եւ խնդրում է տրամադրել փաստաթուղթ, որը թույլատրում է գրքի գովազդը:
Այն տրամադրելու համար որպես խելամիտ ժամկետ ՍՊԸ ներկայացուցիչները պատրաստ են 24 ժամ հատկացնել՝ հակառակ դեպքում վաղը օրվա երկրոդ կեսին փաստաբանը դիմում կներկայացնի Վարչական դատարան:
Ուղիղ։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյան և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև: Ռ. Քոչարյանի Կյանք և ազատություն գրքի գովազդման` Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված խոչընդոտները:
Gepostet von Aravot am Dienstag, 6. August 2019