Huawei Mate X ծալվող սմարթֆոնը հնարավոր կլինի գնել միայն նոյեմբերից։ Այս մասին հայտնում է Techradar-ը։ Արդեն բավականին ժամանակ է անցել այն օրվանից, երբ չինական ընկերությունը ներկայացրեց իր նոր սերնդի սմարթֆոնը, բայց ինչպես երևում է, Samsung Galaxy Fold-ի անհաջողություններից վախեցած, սկսեց հետաձգել դրա թողարկումը։
Նոր մանրամասները աղբյուրը ստացել է Huawei-ի կենտրոնական գրասենյակից։ Միևնույն ժամանակ, ընկերությունում վստահ են, որ Mate X-ը վաճառասեղաններին կհայտնվի այս տարվա ընթացքում։
Սա դեռ ամենը չէ։ Huawei-ն ակտիվորեն աշխատում է Mate X-ի հաջորդ սմարթֆոնի վրա, որն ամենայն հավանականությամբ ստանալու է լրացուցիչ էկրան։ Խոսքը գնում է սմարթֆոնի «մեջքային» հատվածի մասին, որի վրա հնարավոր է՝ տեղադրված լինի ապակի, իսկ ապակու տակ թաքցվի ևս մեկ էկրան։ Այդ էկրանը հնարավոր կլինի օգտագործել առանձին գործառույթներից օգտվելու կամ էլ եղանակի, ժամի, մուտքային նամակների մասին տեղեկանալու համար։