Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը գրառում էր արել Ամուլսարի վերաբերյալ՝ նշելով, որ եթե կառավարությունը որոշի, որ Ամուլսարը հանք է դառնալու, ինքն արձակուրդ է վերցնելու ու պայքարելու է այդ որոշման դեմ:
«Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ֆեյսբուքում գրել էր. «Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։
Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։
Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից»:
Քանի որ պատգամավորի գրառումը հետևեց Մանուկյանի գրառմանը, ինչպես նաև Թունյանը գրառման վերջում նշել էր հեռախոսսչեմկորցրել հեշթեգը, իսկ Մանուկյանը հայտնի է հեռախոս կորցնելու միջադեպից, ուստի օգտատերերը եզրակացրել են, որ Բաբկեն Թունյանի գրառումը վերաբերում էր հենց Արամ Մանուկյանին:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ Թունյանի գրառումը չի տեսել. «Ես այն տեսել եմ կայքում, որտեղ շոշափվում էր իմ անունը: Եթե դա ինձ չէր վերաբերվում, հարգարժան պատգամավորը կարող էր կամ կարող է ուղղակի հերքում տալ»:
Բաբկեն Թունյանն էլ ArmDaily.am-ին նշեց, որ իր գրառումն ում վերաբերվում էր, նա լավ գիտի: Մեր դիտարկմանը, որ Մանուկյանը նշում է, եթե իրեն չի վերաբերվում գրառումը, ապա պատգամավորը պետք է հերքում տա, Թունյանն ասաց. «Ես ինչ գրել եմ, դրա պատասխանատուն եմ: Հերքում պահանջում են այն մարդուց, ով մարդու անուն է շոշափել: Ցանկանում է հերքեմ, որ իրեն չի վերաբերվո՞ւմ: Դա հերքում չէ, պարզաբանում է»: Նկատառմանը, որ վերջում տեղադրել է հեշթեգ, որից կարելի է եզրակացնել, որ հենց Մանուկյանին նկատի ունի, Բաբկեն Թունյանը նշեց. «Եթե ես անուն տալու լինեի, պարզ ձևով կտայի».- եզրափակեց պատգամավորը: