«Պոբեդա» ընկերությունը (մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջ) հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Այս մասին լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետեւանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում 173 ուղեւոր է գտնվել, տուժածներ չկան:
«Պոբեդա» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Գյումրիում զննության ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ նշել է, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղեւորների հետեւից: