Նոր հեղափոխությա՞ն սպասել, թե՞ նոր հնչեղ ձերբակալությունների. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նոր հեղափոխությա՞ն սպասել, թե՞ նոր հնչեղ ձերբակալությունների. armeniasputnik.am

Շատերն են սիրում հեքիաթներ ու սիրո խոստովանություններ լսել, բայց սերը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքականությունն էլ շատ հեռու է հեքիաթ լինելուց:

Ներքաղաքական աշունն, արդեն կարելի է չկասկածել՝ խոստանում է հետաքրքրաշարժ լինել և աշխույժ՝ անցուդարձի առումով: Նման սպասման հստակ ազդանշաններն արդեն կային, բայց հավելյալ ընդգծվեցին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին գրառումից ու հաջորդած հարցազրույցից հետո: Եվ այսպես, ինչի՞ սպասել:

Առաջինն, իհարկե, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն էր, որ աշնանը կավարտվի կամ իմի կգա ընդդիմադիր դաշտի միավորման գործընթացը, «կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը հստակ մարմնավորում կստանա, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեմ ընդդիմության պայքարը՝ էլ ավելի համակարգված և հստակ բնույթ:

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի գրառմանը, ապա հիմնական շեշտերից մեկն այն է, որ անցյալ տարվա ապրիլին «հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր», սակայն հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և «այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը՝ շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով»:

Հաջորդ օրը news.am-ին տված հարցազրույցում Միքայել Մինասյանը հայտարարեց. «Իշխանությունն ունի մեկ՝ վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա շեփորները վաղուց են ձայնում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում նաև Սերժ Սարգսյանին ձերբակալելու ենթադրվող հավանականության մասին հայտարարությունն, իհարկե, չէր կարող աննկատ մնալ, ու շատերը, անխոս, սևեռվեցին հենց այդ շեշտադրման վրա:

Դժվար է ասել՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ թեկուզ իր՝ Միքայել Մինասյանին ձերբակալելու հնարավորության մասին այդ հայտարարությունը  այդ տարբերակի չեզոքացմա՞նն է ուղղված, թե՞ իրական հնարավորության վերաբերյալ կոնկրետ ահազանգ է: Դժվար է նաև վստահ լինել այն հարցում՝ նման մի սխալ թույլ տալուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թույլ կտա՞ երկրորդ նմանատիպ սխալը, թե՞ ոչ: Կարծում ենք՝ առաջիկա զարգացումները պարզություն կմտցնեն կոնկրետ այս առումով:

Իսկ այն, թե անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցածը արդյո՞ք հասունացած հեղափոխության կամ հեղափոխական տրամադրությունների իրացում էր, թե ոչ, իհարկե քաղաքագիտական տարաբնույթ դատողությունների լավ առիթ է, և քաղաքական տարբեր մեկնաբաններ այս օրերին արտահայտվեցին: Իսկ տողերիս հեղինակին, հատկապես 2018-ի ապրիլ-մայիսյան անցուդարձը հետահայաց դիտարկելուց հետո՝ այնպես է թվում, որ Հայաստանում ոչ թե հեղափոխություն էր հասունացել, այլ ավելի շուտ՝ հասունացել էր հենց իշխանափոխություն և, մեծ հաշվով, իշխանափոխություն էլ տեղի ունեցավ՝ առանց հեղափոխության: Իսկ իշխանափոխություն ասվածն էլ ավելի շատ նման էր իշխանության խաղաղ, գրեթե սահուն փոխանցման: Ողջ հարցն այն է, թե ո՞ւմ փոխանցվեց իշխանությունը և ի՞նչ ուժերի, ի՞նչ գաղափարական համոզմունքների վրա հենվող շրջանակների կամ շրջանակի:

Հեղափոխություն, մեծ հաշվով, տեղի չունեցավ նաև իշխանության փոխանցումից կամ հանձնումից հետո: Պետության կառավարման համակարգը նույնն է, արտաքին քաղաքական կողմնորոշումներն ու գերակայությունները նույնն են՝ դեռ մի բան էլ ավելի ընդգծված, պետության նախկին ղեկավարի «հագով կարած» սահմանադրական կոստյումը նոր ղեկավարն է հաճույքով հագնում:

Ամենից կարևորը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ «կառավարման համակարգ» ասվածը գերազանցապես անձնավորված է: Ավելին, «ժողովրդական սիրո» հովերով՝ այժմ շատ ավելի է ընդգծված անձնիշխանական մոդելը, երբ ցանկացած հարց ու լուծում կախված է կոնկրետ մեկ անձի որոշումից, վերաբերմունքից, պատկերացումից, քաղաքական ցանկությունից: Իսկ հիմա նաև՝ տրամադրությունից և հուզմունքից, այս կամ այն դատական ատյանի ընդունած որոշումից: Այդ, ինչպես նաև մի ամբողջ շարք ամենատարբեր հանգամանքներ ու երևույթներ գալիս են հիմնավորելու այն պնդումը, որ կատարվածը եղած ու կուտակված խնդիրների ու դժգոհությունների վրա հաշվարկված, տեխնոլոգիաների գրագետ ու արդյունավետ կիրառմամբ կատարված իշխանափոխություն էր:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր