Ինչպես գիտեք, Կառավարությունը որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» 16.200.000 դրամ դրամաշնորհ հատկացնել` Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդության համար:
Այդ գումարով մենք կիրականացնենք ոչ միայն 90 դիտորդներով ընտրական տեղամասերի (տերմինաբանորեն՝ կարճաժամկետ) դիտարկում, այլև ընտրողների իրազեկման արշավ ու մեդիա-մոնիթորինգ:
Համեմատության համար ասեմ, որ 600 դիտորդներով 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դիտորդությանը, ընտրողների իրազեկմամբ, մեդիա-մոնիտորինգով ու այլ բաղադրիչներով, ծախսվել է մոտ 141 միլիոն դրամ:
Այսինքն, դեկտեմբերին մեկ դիտորդի վրա (այո կոպիտ հաշվարկ է) ծախսվել է 40 տոկոսով ավել գումար, քան այժմ` Արցախում… Թեև, շատ բաներ Երևանից 350 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտում իրականացնելը շատ ավելի թանկ է, քան Երևանում (փորձագետների գնալ-գալ, հյուրանոց է և այլն):
Ու քանի որ միշտ սատարել ենք պետական բյուջեի ծախսման առավելագույն թափանցիկությունը, հրապարակում ենք ծրագիրը, որն իրականացնելու ենք հայաստանյան հարկատուների հաշվին:
Բոլոր ծախսերը լինելու են հիմնավորող փաստաթղթերով (ինչպես միշտ): Խնայված գումարը, եթե լինի, ամբողջությամբ վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե:
Հ.Գ. Իմիջայլոց, 16,2 միլիոն դրամը դա «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտ 5 ամսում վճարված հարկերի չափն է… Այսինքն, անգամ այս տարի մենք պետությանը ավելի շատ փող ենք տվել, քան ստացել:
Հ.Հ.Գ. Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին:
Դանիել Իոաննիսյանի էջից: