Գիշերօթիկ հաստատություններում գրանցված 60 երեխա կվերադառնա ընտանիք
Advertisement 1000 x 90

Գիշերօթիկ հաստատություններում գրանցված 60 երեխա կվերադառնա ընտանիք

Գյումրիում գիշերօթիկ հաստատությունների 72 երեխա կշարունակի մնալ հաստատություններում:

Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է օգոստոսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ գիշերօթիկ հաստատությունների լուծարման նախագծի և պլանավորված աշխատանքների հետ կապված տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Գնահատումները ցույց են տվել, որ Գյումրիում 2 գիշերօթիկ խնամքի հաստատություններում գրանցված է 132 երեխա: Ըստ խորքային գնահատման, այս երեխաներից 60-ը կարող է վերադառնալ ընտանիք՝ ցերեկային բաղադրիչով: Այս երեխաներին տրամադրվելու է աջակցության փաթեթ ու ցերեկային աջակցություն՝ ստանալով ցերեկային խնամք և իրենց տներից գնալով դպրոց»,- նշեց պատասխանատուն` տեղեկացնելով, որ աջակցությունը լինելու է ըստ երեխայի կարիքի: Յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի առանձին աջակցության փաթեթ: Անդրադառնալով այն երեխաներին, որոնց այս պահին դեռ հնարավոր չէ ընտանիք վերադարձնել, Լիլիթ Գորգինյանը տեղեկացրեց, որ այս պահին նրանք կմնան գիշերօթիկ հաստատություններում: «Քանի դեռ մյուս 72 երեխայի ընտանիք վերադառնալն այս պահին ռիսկային է, ոչ միայն ընտանիքների նյութական, այլ նաև բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, սեպտեմբերի 1-ին նրանք կհաճախեն գիշերօթիկ հաստատություններ՝ ստանալով համապատասխան ծառայություններ՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր: Այս 4 ամսվա ընթացքում երեխաների համար պետք է մշակվեն անհատական ծրագրեր: Եթե տվյալ երեխաների խնդիրը չլուծվեց, նրանք կտեղափոխվեն ճգնաժամային կենտրոն՝ ոչ մի երեխա չի մնա փողոցում, ուշադրությունից դուրս»,-նշեց Լիլիթ Գորգինյանը՝ վստահեցնելով, որ այս պահին գիշերօթիկ հաստատությունները դեռ լուծարված չեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: ՊՈԱԿ-ներից վստահեցնում են՝ դեմ չեն երեխաներին ընտանիք վերադարձնելու գաղափարախոսությանը, բայց ոչ բոլոր դեպքերում է դա ճիշտ ու ընդունելի։ Բացի այդ, հաստատությունների լուծարումը կավելացնի գործազուրկների թիվը: Նախարարությունից վստահեցնում են՝ հաստատությունների գումարը կուղղվի ընտանիքների հզորացմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումն ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ»:



Նման նյութեր