armlur.am-ը գրում է . «Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 25–ին ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։ Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը):
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կամո Շառոյանի գլխավորությամբ իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ հնչած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ էր ստացել նաև Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Յուրի Վարդանյանը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ էին ստացել նաև, որ նրան իր հարազատները փորձել էին տան պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ անզոր են, Յու. Վարդանյանին «ոտքերին հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկների շնորհիվ հնարավոր էր եղել փրկել նրա կյանքը, քանի որ տնային պայմաններում սխալ բուժում էին կատարել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Յու. Վարդանյանը կռվի մասնակիցներից հրազենային վնասվածքներ ստացած Սահակ Վարդանյանի տղան է։ Ս. Վարդանյանը նույնպես գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում Շենգավիթի քննչական բաժինը 1 հոգու կալանավորման համար դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրի երկամսյա կալանքը, իսկ 1 հոգու էլ նկատմամբ էլ հայտարարվել էր հետախուզում, և նրա նկատմամբ քննչական բաժինը նույնպես կալանավորման համար դիմել էր դատարան։ Դատարանը բավարարել ր քննիչի 2 միջնորդությունները։