Այսօր՝ օգոստոսի 30-ին, Մատենադարանում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին: Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սովորելու է Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունն առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։
Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը:
Անիմաստ է այստեղ որևէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, և հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։
Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը»:
Ավելի մանրամասն 168.am կայքում