Էդգար Ալան Պոյի պատմվածքներից մեկը, որը ստիպում է Ձեզ մտածել. «Վիլյամ Վիլսոն»
Advertisement 1000 x 90

Էդգար Ալան Պոյի պատմվածքներից մեկը, որը ստիպում է Ձեզ մտածել. «Վիլյամ Վիլսոն»

Էդգար Ալան Պոն աշխարհի ամենահայտնի գրական հանճարներից է: Exploringyourmind.com կայքի փոխանցմամբ՝ մեզ այնպիսի մի հիշարժան գործ, ինչպիսին է «Ագռավը», պարգևելուց բացի, նա, անշուշտ, եղել է առեղծվածային անձնավորություն: Անկասկած, նա շատ հետաքրքիր կերպար է: Նրա թողած գրական ժառանգության մեջ կցանկանայինք առանձնացնել մի յուրահատուկ պատմվածք` «Վիլյամ Վիլսոնը»: Սա կարճ պատմություն է, որի օգնությամբ մենք ավելի ենք հասկանում հեղինակի ենթագիտակցությունը: Այն ներկայացնում է մի թեմա, որը շատ տարածված է գրականության մեջ՝ նմանակ կամ դոպելգանգեր (doppelgänger):

Էդգար Ալան Պոն ծնվել է հունվարի 19-ին, Բոստոնում (ԱՄՆ): Նա համարվում է դեդեկտիվ գրականության սկզբնավորողը, գոթական վեպին նոր շունչ տվողը և, անշուշտ, սարսափի վարպետն ու «Վիլյամ Վիլսոնի» ստեղծողը: Սա հոգեբանական սարսափ է, որը վերլուծում է մարդկային միտքը և անհանգստություն պատճառում մեզ:

Պոն և նմանակը

Եթե Պոյի կյանքը խաղաղ լիներ, թերևս, նա ալկոհոլի կամ ընտանիքի հետ խնդիրներ չունենար: Նա չէր լինի այն գրական հանճարը, որին մենք ճանաչում ենք այսօր: Նրա կյանքը, անկասկած, տառապանք էր: Այդ անհանգստությունը և հոգեկան տանջանքը, որ նա վերապրել է, արտացոլված է իր գործերում:

«Վիլյամ Վիլսոնը» Պոյի ամենահետաքրքիր պատմվածքներից մեկն է: Դա մի պատմություն է, որում արտահայտվում է նմանակի գաղափարը: Այն ներկայացնում է «առաջ և հետո»-ն: Վիլյամ Վիլսոնի պատմությունը պատմվում է առաջին դեմքից, որտեղ «հեղինակը» հենց Վիլյամ Վիլսոնն է՝ չնայած այն փաստին, որ նա ասում է, թե դա կեղծ անուն է: Պատմությունը պտտվում է գլխավոր հերոսի և մի ընկերակցի կյանքի շուրջ: Նրա ընկերակիցն ունի նույն անունը և ազգանունը: Նա կհետևի գլխավոր հերոսին ամբողջ կյանքի ընթացքում:

Այս երկու կերպարները չունեն ծնողներ: Այնուամենայնիվ, նրանք կրում են նույն անունը: Նրանք ունեն նման ֆիզիկական արտաքին: Վիլյամ Վիլսոնի «նմանակը» կլինի միակ կերպարը, որ կկարողանա դիմակայել «իրական» Վիլյամ Վիլսոնին: Նա կլինի միակը, որ կկարողանա ստվերի պես հետևել ու հաղթահարել նրան:

Ենթագիտակցությունը, նմանակը և գրականությունը

Հոգեվերլուծությունը կարող է շատ օգտակար լինել գրական տեքստերի վերլուծության համար: Սա հատկապես օգտակար է այնպիսի տեքստերի համար, որոնք ունեն մեծ քանակությամբ խորհրդանիշեր: Հոգեվերլուծությունը կարող է օգտակար լինել գրականության և երազների մեկնաբանության համար: Ֆրոյդի առօրյա կյանքի հոգեբանության մեջ ընդգծվում է մի գաղափար, ըստ որի՝ երազներն ազատություն են, կամ այն հոգեկան վնասվածքների դրսևորումն են, որոնք առնչվում են հայտնի հոգեբանական կառույցի հետ` անգիտակից, նախագիտակից և գիտակից: Անգիտակից մակարդակը փորձում է թեթևացնել վնասվածքները: Ֆրոյդը երազները մեկնաբանում է՝ որպես գիտակցությանը հասնելու ուղևորության համար նախատեսված մեքենա:

Գրականությունն ու արվեստը դիտվում են՝ որպես երազներին նման մեխանիզմ: Հեղինակները փոխաբերությունների ու խորհրդանիշերի միջոցով օգնում են մարդկանց տեսնել հնարավոր վնասվածքները: Ֆրոյդը ներկայացնում է մի շարք երևույթներ, որոնք արտացոլվում են գրականության մեջ: Դրանք են նմանակի գոյությունը, մասնատված մարմինը, կախարդական մտածողությունը և այլն:

Գրականության ողջ պատմության ընթացքում Դուք կարող եք հանդիպել բազում խորհրդանիշերի և փոխաբերությունների, որոնք կարելի է մեկնաբանել հոգեվերլուծության միջոցով: Առավել ուսումնասիրված դեպքերից մեկը, թերևս, Էդիպյան բարդույթն է: Դուք նաև կարող եք հանդիպել բազմաթիվ ֆալոսի խորհրդանիշերի և հոր կերպարի մահվան խորհրդանիշի (ձերբազատում հակառակորդից): Այս ամենը երևում է բազմաթիվ բանաստեղծությունների և գրական ստեղծագործությունների մեջ: Վառ օրինակ է Դամասո Ալոնսոյի «Մայրը» բանաստեղծությունը: Արվեստում դա Գոյայի «Սատուրնը՝ որդուն հոշոտելիս» կտավն է: Այս գործը մեկնաբանվել է հոգեվերլուծության միջոցով: Այստեղ արծարծվում են մարդասպանությունը, մելանքոլիան, կործանումը և սեռական խնդիրները:

Գրականություն և արվեստ

Գրականությունը ճանապարհ է բացում դեպի անգիտակից միտք: Սա Ֆրոյդից չի սկսվել: Ընդհակառակը, դա միշտ էլ եղել է պատմության մեջ: Օրինակ, Արիստոտելն այդպես ասել է հունական ողբերգությունների ներկայացումների մասին: Նա ասել է, որ այդ ողբերգություններում իսկապես դաժան տեսարանների կարելի է հանդիպել, և զգացմունքներն օգնում են ազատորեն զտվել և մաքրվել: Գրականության և արվեստի մեջ մենք կարող ենք դիտարկել բոլոր տեսակի ներքին հակամարտությունները, որոնք բավականին տհաճ են: Այնուամենայնիվ, նրանք մի տեսակ ազատություն են տալիս:

Նմանակի թեման կապված է հոգու գաղափարի հետ: Այն ստեղծում է կրկնօրինակման կառուցվածքը և դրսևորվում հայելիների, արտացոլանքների (ջուր) և այլնի միջոցով: Այդ իսկ պատճառով, երբ Դուք վերլուծում եք գրական կամ արվեստի որևէ գործ, շատ հետաքրքիր է ուշադրություն դարձնել այդ փոքր մանրամասներին: Նրանք կարող են Ձեզ հուշել տվյալ գործի իրական նշանակությունը:

Չար երկվորյակը

Եկեք խոսենք Նարցիսի դիցաբանական կերպարի մասին: Նա սիրահարվեց ջրի իր արտացոլանքին: Դա առաջին օրինակներից է, որտեղ արտացոլվում է նմանակի թեման: Դուք կարող եք առնչվել դրան նաև Պլավտուսի մի շարք կատակերգություններում: Սկզբում նմանակը համարվում էր կատակերգության տարր, օրինակ, երկվորյակներին շփոթելիս, երբ ինչ-որ բան սխալ երկվորյակի ես պատմում, կամ այլ իրավիճակներ, որոնք կարող են ծիծաղ առաջացնել: Այնուամենայնիվ, հատկապես, երբ ծագեց ռոմանտիզմը, ծնվեց չար նմանակի գաղափարը: Սա «չար երկվորյակն» է: Այսպիսով, նմանակությունն արդեն վերածվեց ողբերգական ժանրի տարրի՝ մի կողմ թողնելով կատակերգությունը:

«Վիլյամ Վիլսոն»-ը դրամայից մի քայլ առաջ է գնում: Վիլյամ Վիլսոնի նմանակը դասական չար երկվորյակը չէ, որոշ առումներով նա «գերադաս» է համարվում: Դա մի կերպար է, որը կդառնա իր գիտակցված մտքի ձայնը: Դա կատարելագործված տարբերակ է, և, որպես այդպիսին, սպառնալիք է գլխավոր հերոսի հպարտության համար:

Նմանակի թեման «Վիլյամ Վիլսոն» պատմվածքում

Առաջին դեմքից պատմելուց և Վիլյամ Վիլսոնի ծննդյան տարեթվից (հունվարի 19, նույնը, ինչ Պոյինը) կարելի է ենթադրել, որ սա ինքնակենսագրական ստեղծագործություն է: Սա զարմանալի չէ, եթե մենք հիշենք հեղինակի փոթորկուն կյանքը: Վիլյամ Վիլսոնը Պոյի գիտակից մտքի արտացոլումն է: Այն պատկերացում է տալիս նրա ներքին պայքարի մասին այդ ժամանակների ընթացքում:

Երկատված անձնավորությունն ակնհայտորեն երևում է հենց սկզբից: Ակնհայտ է ոչ միայն նմանակի արտաքին տեսքից, այլև ընտրված անունից՝ Վիլյամ Վիլսոն: «Վ» («W») սկզբնատառն ինքնին արտացոլում է նմանակի էությունը: Այն կրկնվում է նաև ազգանվան մեջ: Սա պատահական չէր ընտրված. դրա շնորհիվ սյուժեն անընդհատ պտտվում է մեր գլխում:

Վիլյամ Վիլսոնը և նրա նմանակը դառնում են պատմվածքի անբաժան ուղեկիցներ: Սա մեր մեջ ատելություն ու հարձակվելու ցանկություն է առաջացնում, քանի որ նմանակը սպառնալիք է: Բայց միևնույն ժամանակ՝ Վիլյամը մի տեսակ երախտապարտ է իր նմանակին, որովհետև նա նմանակին տեսնում է՝ որպես իր իսկ արտացոլանք: Նմանություններն ավելի ակնհայտ են դառնում, երբ պատմությունը շարունակվում է: Նմանակը նույնիսկ կրկնօրինակում է նրա հագուստը և քայլվածքը: Այս առումով Վիլյամ Վիլսոնն ավելի համարձակ կերպար է դառնում: Նա չի հետևում օրենքին և ոչ էլ այն ամենին, ինչ «սոցիալապես ընդունելի է»: Նա սիրում է շատ ալկոհոլ խմել: Իր նմանակը, ընդհակառակը, փորձում է խափանել Վիլսոնի ծրագրերը:

Դիմադրություն

Այս պատմվածքում նմանակի խնդիրը ներկայացվում է շատ խորը և համարձակ ձևով: Նմանակը դառնում է գլխավոր հերոսի մղձավանջը: Սա հեղինակի անձնական տարաձայնությունների հստակ արտացոլումն է: Երկատված անձը դառնում է ծանր բեռ, ինչն էլ գլխավոր հերոսին մեծ մտահոգություն է պատճառում: Այն նաև կհանգեցնի մեզ ազդեցիկ դեպքերի շղթայի, ինչը և սպասելի էր այս տեսակ գրքից:

Դա, անշուշտ, վերլուծության արժանի պատմություն է, քանի որ այն շատ խորհրդանշական տարրեր ունի: Այն նաև օգնում է մեզ հասկանալ Պոյի խնդիրները: «Վիլյամ Վիլսոնը» պատմություն է՝ ինքնակենսագրական տարրերով: Հեղինակը հարցի տակ է դնում իր սեփական ապրելակերպը և զրուցում է իր գիտակից մտքի հետ:

«Ընթերցելիս ընթերցողի հոգին հնազանդվում է գրողի կամքին»:

Հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը