Մարգարյան հիվանդանոցում 24–ամյա ծննդկանը առավոտյան տղա երեխա լույս աշխարհ բերելուց ժամեր անց մահացել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարգարյան հիվանդանոցում 24–ամյա ծննդկանը առավոտյան տղա երեխա լույս աշխարհ բերելուց ժամեր անց մահացել է. shamshyan.com

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը:

Զրուցակիցները ֆոտոլրագրողին ասում էին, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է այս ծննդատուն: Այսօր առավոտյան առաջնեկն է ունեցել՝ տղա երեխա: «Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է:

Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն: Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է: Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն»:

«Ճիշտ է, մենք Լուիզային էլ հետ չենք բերի, բայց պահանջում ենք, որպեսզի նրա մահվան մեջ մեղավորները պատժվեն, որպեսզի, նորից ենք կրկնում՝ հետագայում մեր նման ընտանիքներ այս վիշտը չապրեն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com