Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից
Advertisement 1000 x 90

Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։

Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։