ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում:
Վերադարձ հին կարգերին չի լինելու, կարող է լինել վերադարձի փորձ, ինչը դուք այլևս թույլ չեք տալու: Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է, որ դուք անգամ այս փուլում այլևս բաց չթողնեք ձեր դասերը և պայքարը շարունակեք լսարաններում՝ շատ լավ սովորելով և չհանդուրժելով թելադրող ու դասընթացի հետ մասնագիտական առնչություն չունեցող դասախոսների մուտքը լսարան: Եվ միայն այդ արատավոր երևույթների շարունակության դեպքում կարող եք նորից համախմբվել և դուրս գալ՝ ավելի լսելի դարձնելով ձեր ձայնը: Այս պահին պայքարը կարող եք շարունակել բոլոր հնարավոր եղանակներով, որոնք չեն վնասելու դասապրոցեսին:
Ոչ մի պարագայում մի’ հանդուրժեք որևէ ճնշում, որը դեմ է ձեր կամքին և օրինական գործողություններին: Նման դեպքերում ճիշտ հակառա’կը արեք։ Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ձեզ արգելելու կամ ուղղորդելու, որ չմասնակցեք այս կամ այն հարցին առնչվող ստորագրահավաքի։ Դա որոշում եք բացառապես դուք: Իմացե’ք՝ նման գործողություններ կատարող անձը մորթապաշտ դավաճան է: Շարունակելու եմ պայքարել ձեզ հետ միասին մինչև վերջ՝ ձեռքբերված արդյունքը զարգացնելու ուղղությամբ՝ անկախ կարգավիճակից: Մենք այս ընթացքում 10 քայլ առաջ ենք գնացել, և եթե անգամ 9 քայլ հետ է կատարվում, միևնույնն է, առնվազն 1 քայլը մնալու է:
Ճիշտ է՝ նրանց դասաժամերը կրճատվել են արդեն հայտնի մոտիվներով, բայց համալսարանը համալրվել է մեծ քանակությամբ բարձրորակ մասնագետներով: Այնպես որ, անկախ ձեր հետագա պայքարի ուղղություններից, մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն: Չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև»:
Սիրելի’ ուսանողներ,այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի…
Gepostet von Ruben Hayrapetyan am Mittwoch, 4. September 2019