Պարկինսոնի անբուժելի հիվանդությունը կապում են ուղեղում ալֆա-սինուկլեինի սպիտակուցի թունավոր ձեւերի կուտակման հետ, որը քայքայում է նյարդային բջիջները։ Սակայն շատ մասնագետներ համոզված են, որ հիվանդության արմատները պետք է որոնել ոչ թե ուղեղում, այլ աղեհամակարգում։ Այս տեսակետն աստիճանաբար ավելի շատ կողմնակիցներ է հավաքում, տեղեկացնում է HighTech+-ը։
Հօգուտ աղիների պատճառով Պարկինսոնի հիվանդության առաջացման նոր փաստարկներ են ներկայացրել Օրհուսի համալսարանի գիտնականները, որոնց աշխատանքի մասին ներկայացնում է Science Daily-ն։ Այդ հիվանդության հակում ունեցող գենետիկ մոդիֆիկացված առնետների բարակ աղիում հետազոտության ընթացքում ներարկել են ալֆա-սինուկլեին։
Երկու ամիս անց սպիտակուցի թունավոր ձեւը ներթափանցել է ուղեղ ծայրամասային նյարդերով, իսկ չորս ամիս անց ակնհայտ են դարձել պաթոլոգիաներն ուղեղում։ Բացի այդ, ալֆա-սինուկլեինի հետքեր են հայտնաբերվել սրտի նյարդային համակարգում։
Մարդկանց մոտ Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է ոչ այնքան արագ, որքան կրծողների։ Հեղինակների կարծիքով՝ աղեհամակարգում թունավոր սպիտակուցների կուտակման եւ ուղեղի աշխատանքի շեղումների միջեւ կարող է մինչեւ քսան տարի անցնել։ Դա հիվանդությունը վաղ ախտորոշելու հույս եւ ժամանակ է տալիս, որպեսզի դանդաղեցվի նեյրոդեգեներացիան։
Այս ամռանը նման եզրակացության է եկել հետազոտողների մեկ այլ խումբ, որն աշխատում է ԱՄՆ-ում։ Դանիացի գործընկերների նման՝ նրանք կրծողների աղեհամակարգ են ներարկել թունավոր ալֆա-սինուկլեին, իսկ մի քանի ամիս հետո այն հայտնաբերել են նրանց ուղեղում։