Միկոզները հիվանդություններ են, որոնք առաջ են գալիս մակաբույծ սնկերից եւ վարակում մարդկանց ու կենդանիներին։ Մաշկաբան Կարեն Վարդանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է այն մասին, թե որտեղ ենք մենք ավելի շատ վտանգում վարակվել այդ հիվանդություններով։
Մասնագետի խոսքով՝ ոտնաթաթերի սնկային վարակներ շատերը ձեռք են բերում լողավազանում։ Բայց, հասկանալի է, ոչ թե ջրում, այլ լողավազանի տարածքում։ Եթե հանդերձարանից մինչեւ լողավազան բոբիկ անցնեք, կարող եք հեշտությամբ սնկային վարակ ունենալ խոնավ հատակից, որտեղ կան սնկերի գոյատեւմանը հարմար բոլոր պայմանները։
Սնկերի մեկ այլ հայտնի աղբյուր են պառկելաթոռները լողավազաններում եւ լողափերին։ Եթե սնկային վարակով մարդը պառկի այդ աթոռներին, նա, ով կօգտվի այդ նույն աթոռից նրանից հետո, կարող է վարակվել, հատկապես եթե պառկելաթոռը փայտից է։ Պլաստմասայե պառկելաթոռները, մասնագետի խոսքով, շատ ավելի անվտանգ են, քանի որ դրանք հեշտ է լվանալ եւ վնասազերծել, բացի այդ, դրանք խոնավություն չեն պահում, ինչպես փայտինները։
Բուն լողավազանում, մաշկաբանի խոսքով, սնկային վարակ ստանալու վտանգը նվազագույնն է, եթե ջուրը ճիշտ է մշակվում եւ քլորացվում։
Ինչ վերաբերում է սնկային վարակի մյուս տարատեսակին՝ հարթ մաշկի կերատոմիկոզներին, դրանցով կարելի է վարակվել այն իրերի հետ շփվելիս, որոնք կրել է նման հիվանդություն ունեցող մարդը։ Օրինակ, եթե խանութում փորձեք հագուստ կամ կոշիկ նման հիվանդություն ունեցող մարդուց հետո, կարող է վարակում տեղի ունենալ։ Ամռանը, շոգին վտանգն ավելի է մեծանում, քանի որ մարդիկ քրտնում են, իսկ խոնավությունը նպաստում է սնկերի գոյատեւմանը։
Ինչպե՞ս պաշտպանվել սնկային ինֆեկցիաներից
Մաշկաբանը խորհուրդ է տալիս լողավազանի տարածքում հագնել ռետինե հողաթափեր՝ բավական բարձր ներբանով, եւ այն ոչ մեկին չտալ հագնելու:
Հյուրանոցում՝ ինչպես համարում, այնպես էլ լոգասենյակում նույնպես պարտադիր հողաթափ հագնել:
Խորհուրդ է տրվում նաեւ անձնական հիգիենային խստորեն հետեւել. թե՛ տանը, թե՛ ցանկացած այլ վայրում օգտվել միայն սեփական սպունգից, սրբիչից, ներքնաշորերից եւ անձնական հիգիենայի այլ առարկաներից: Խորհուրդ չի տրվում որեւէ մեկին, նույնիսկ մերձավորներին հագնելու տալ սեփական հագուստը եւ առավել եւս ներքնաշորը:
Ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո, եթե անգամ ձեր տանն եք, խորհուրդ է տրվում լոգարանը մաքուր ջրով լվանալ: Նույնիսկ սեփական տանը խորհուրդ է տրվում լոգարան մտնել միայն հողաթափով:
Դրանից բացի, եթե ռիսկի խմբի մեջ եք մտնում (թույլ իմունիտետի կամ այլ պատճառներով վարակվելու հավանականությունը մեծ է), խորհուրդ է տրվում խանութներում հագուստ եւ կոշիկ չփորձել, որը մինչեւ ձեզ փորձել են նաեւ ուրիշ մարդիկ: Իսկ գնած նոր հագուստը եւ ներքնաշորերը խորհուրդ է տրվում նախքան հագնելը լվանալ: