Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը.
«Իսկ նկատե՞լ եք, թե քաղաքական այս խիստ խառնաշփոթ իրավիճակում ինչ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքած Արման Բաբաջանյանի հարաբերություններում։ Ամեն ինչից մեկուսացած, կարծես առանձին տողով ընթացող մրցակցություն, որտեղ կողմերից յուրաքանչյուրը վստահ է, որ կարող է մյուսի հետ բարեկամությունն ի շահ իրեն օգտագործել։
Վարչապետն, իհարկե, ավելի հեռուն գնացող մտքեր ունի։ Մտածում է. «Հետը բան կպայմանավորվեմ, իրա մեդիառեսուրսը կօգտագործեմ, էնա արդեն «Լուսավոր Հայաստանին» լավ նեղեցի, դե հետո էլ՝ Աստված մեծ է։ Հեչ որ չէ, կքցեմ»։ Այդ վերջինը,անկասկած, լավ է ստացվում իր մոտ։ Բայց դա վերջում։ Մինչ այդ Փաշինյանը ուզում է ամբողջությամբ սպառել Բաբաջանյանի ռեսուրսը։
Արմանն էլ, որ շատ ավելի պատրաստված է Փաշինյանից, ավելի խելացի և ավելի հավասարակշռված… որ հաստատ այլ հավասար պայմաններում Նիկոլին աղբյուր կտանի ու ծարավ հետ բերի, իր հերթին աստեղային ժամին սպասում՝ մտածելով, որ եթե Նիկոլի մոտ ստացվել է, իր մոտ հաստատ կստացվի։
Համաձայնվեք՝ գեղարվեստական սիրուն պատմություն է ստացվում։ Ճիշտ Օ.Հենրիի հայտնի «Հիմենեի տեղեկագիրը» պատմվածքի պես։ Այնտեղ, հիշեցնեմ, տեղեկագրի գիտելիքներով հարստացած Սանդերսոն Պրատտը հաղթում է Օմար Հայամի բանաստեղծությունների ազդեցության տակ գտնվող Այդահո Գրինին՝ Օրմոնդ Սեմպսոնի սրտին տիրանալու համար մղվող պայքարում։ Շատ լավ պատմվածք է, կարդացեք կտեսնեք, թե ինչ հետաքրքիր սցենարներ են զարգանում մեր քաղաքական դաշտում»: