ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Սմբատ Այվազյանը մահացել է 2014–ին. նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի պատգամավոր, պետեկամուտների նախարար:
«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի` 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Բացի այդ, Այվազյանը չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին։ Նա դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am