«Երևան զիփլայն էյրլայնսում» արտակարգ պատահար է տեղի ունեցել`զիփլայնից օգտվելու հետևանքով երկու քաղաքացի կոտրվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական էջը:
«Ձախ ազդրոսկրի բեկորային և կոնքոսկրի ու բազուկոսկրի կոտրվածքներով բուժօգնության են դիմել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են զիփլայնից, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի` ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, իսկ ոստիկանությունն այդ մասին հաղորդագրությունը տարածել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին:
«Երևան զիփլայն էյրլայնսի» տնօրեն Ժիրայր Մուշեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրականում 2 քաղաքացի վնասվածքներ են ստացել, քանի որ հանկարծակի ուժեղ քամի է սկսվել։ Նրա խոսքով` մինչև թռիչքը ոչ քամոտ ու արևային եղանակ է եղել, սակայն թռիչքի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել։
«Երիտասարդները զույգով են օգտվել զիփլայնից ու թռիչքի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել։ Աշխատել է վթարային արգելակումը, ինչի արդյունքում էլ տրավմա են ստացել նրանք։ Այսինքն` մեր աշխատակիցը ոչ թե ոստիկանության հայտնածի պես՝ ժամանակին չի արգելակել, այլ ընդհակառակը, վթարային արգելակում է իրականացրել, որի շնորհիվ փոքր տրավմայով ենք սահմանափակվել»,- ասաց նա։
Նրա խոսքով` բոլոր արտակարգ իրավիճակների ժամանակ վթարային արգելակում պետք է կիրառվի, ինչը միջազգային նորմ է։ Ըստ Մուշեղյանի` վթարային արգելակներն անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում են գործում ու կոչված են այն բանի համար, որ մարդու կյանքին վտանգ չսպառնա։ Նա նշեց նաև, որ վթարային արգելակների կիրառման ժամանակ փոքր տրավմա ստանալու վտանգ կա, բայց բացառված է, որ կյանքին վտանգ սպառնա։ Մուշեղյանն ասաց նաև, որ երբ ԱԻՆ-ը հայտնում է` քամու ուժգնացման վտանգ կա, զիփլայնը չի աշխատում։
«Երևան զիփլայն էյրլայնսի» տնօրենը հայտնեց նաև, որ բոլոր այցելուները մինչև զիփլայնից օգտվելը պարտավորվում են ստորագրել հրահանգավորման թերթիկը, որտեղ զգուշացվում է նման արտակարգ պատահարների մասին։ Տուժած զույգը, ըստ նրա, նույնպես ստորագրել է այդ թերթիկը։
«Ես նրանց հետ կապի մեջ եմ, իրենց լավ են զգում, ամեն ինչ նորմալ է։ Տեղյակ եմ նաև, որ նրանք որևէ բողոք չունեն և մեզնից որևէ պահանջ էլ չունեն։ Ի դեպ, իրավական տեսանկյունից նայելով, քանի որ նրանք ստորագրել են հրահանգավորման թերթիկը, մենք պարտավոր չէինք որևէ փոխհատուցում իրականացնել, սակայն բժշկական բոլոր ծախսերը մենք ենք հոգացել»,- ասաց նա։
Մուշեղյանը նշեց նաև, որ ոստիկանությունը հայտնել էր` դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8։30, բայց այդ ժամին զիփլայնը դեռ փակ է լինում. դեպքը պատահել է 17։50-ի սահմաններում։ Նրա խոսքով` ինչպես այս, այնպես էլ իրենց աշխատակցին մեղադրելու համար այժմ փորձում են ոստիկանության հետ կապ հաստատել, որպեսզի հերքում տարածեն։
Նշենք նաև, որ սեպտեմբերի 5-ի ցերեկը, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանում սպասվում էր առանց տեղումների եղանակ։